Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և քաղաքական ուտիլիտարիզմի բարոյական սահմանները

Օգոստոսի 13-ին ելույթ ունենալով Ազգային Ժողովում՝ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձել է միջազգային առևտրի առարկա և հարց բարձրացրեց․ ո՞րն է դրա վերջնանպատակը, երբ բավարար ռեսուրս է ծախսվել։ Պետական քաղաքականության նպատակներն ու արդյունքները գնահատելու պահանջն ինքնին միանգամայն իրավաչափ է։ Սակայն հարցի նման ձևակերպման մեջ խառնվում են երկու տարբեր խնդիրներ՝ որքանո՞վ էր արդյունավետ Հայաստանի քաղաքականությունը, և արդյո՞ք ընդհանրապես իմաստ ուներ ձգտել ճանաչման։ Առաջին հարցը լուրջ վերլուծություն է պահանջում, սակայն անգամ հիմնավորված բացասական պատասխանը ինքնին չի իմաստազրկում ճանաչումը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունն առևտրային գործարք չէր, որը Հայաստանին նյութական օգուտներ կբերեր։ Դրա իմաստը հանցագործությունն իր ճշգրիտ անվամբ պաշտոնապես կոչելու, զոհերի արժանապատվությունը վերականգնելու, ժխտման տարածքը սահմանափակելու և պատմական ճշմարտությունը կառավարությունների ու խորհրդարանների որոշումներում, կրթական ծրագրերում և հանրային հիշողության մեջ ամրագրելու մեջ էր։ Հիշողության միջազգային քաղաքականությունը կապված է նաև զանգվածային հանցագործությունների կանխարգելման հետ․ հենց այդ պատճառով ՄԱԿ-ի փաստաթղթերում զոհերի հիշատակը, նրանց արժանապատվությունը և ցեղասպանության կանխարգելումը դիտարկվում են փոխկապակցված։

Անգամ օգտապաշտական մոտեցման դեպքում արդյունքը չի կարելի զրոյական համարել։ Տասնյակ պետությունների կողմից ճանաչումը Հայոց ցեղասպանությունը դուրս բերեց հայկական հիշողության շրջանակներից, էապես սահմանափակեց այն որպես «պատմաբանների վեճ» ներկայացնելու ճանապարհը, մեծացրեց ժխտողականության հեղինակազրկող հետևանքները և քաղաքական ու նորմատիվ հիմք ստեղծեց մշակութային ժառանգության պաշտպանության, գիտական ու կրթական աշխատանքի, ինչպես նաև հնարավոր իրավական պահանջների համար։ Այն դարձավ նաև Հայաստանի Հանրապետությունն ու Սփյուռքը միավորող ուղղություններից մեկը։

Միաժամանակ հարկ է ազնվորեն նշել ձեռքբերվածի սահմանները։ Միջազգային նորմը չի փոխարինում նյութական ուժին և անմիջականորեն գործող իրավական մեխանիզմ չէ։ Ուստի գնահատել պետք է ոչ թե միջազգային ճանաչման իմաստը, այլ այդ ոլորտում պետական քաղաքականության հետևողականությունն ու արդյունավորությունը՝ որքանո՞վ հստակ են ձևակերպված դրա նպատակները, որքանո՞վ են ձեռնարկվող քայլերը նպաստում դրանց իրականացմանը, և ինչպե՞ս են ձեռք բերված արդյունքներն օգտագործվում ի նպաստ ՀՀ ու հայ ժողովրդի շահերի։

Այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններն առաջնորդվել են նաև սեփական շահերով, չի նվազեցնում ընդունած որոշումների նշանակությունը։ Պետություններն ալտրուիզմով չեն առաջնորդվում, իսկ դիվանագիտության էությունը շահերի կայուն համընկնում գտնելն է։ Բարեկամ երկրներին քաղաքական շահարկման մեջ մեղադրելու փոխարեն նախ և առաջ պետք է երախտագիտություն հայտնել այն խորհրդարանականներին, պետական ու հասարակական գործիչներին, որոնք նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և՝ հաճախ ընդդիմանալով քաղաքական ճնշմանը, ընդունել համապատասխան որոշումներ։ Քաղաքական կոնյունկտուրան պատմականորեն հիմնավորված որոշումը կեղծ չի դարձնում։ Հայկական դիվանագիտության խնդիրը ոչ թե անշահախնդիր գործընկերներ որոնելն էր, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակը մյուս պետությունների արժեքային կողմնորոշումների և քաղաքական շահերի հետ համադրելը։

Ժամանակագրորեն միջազգային ճանաչման գործընթացը սկիզբ է առել Հայաստանի Հանրապետության (!!!) ստեղծումից շատ առաջ, հետևաբար, չի կարող հանգեցվել հայկական պետականության շուրջ ձևավորված քաղաքական կոնյունկտուրային։ Առաջին նման  քայլը կատարել է Ուրուգվայը  դեռևս 1965 թվականին, իսկ Եվրոպական խորհրդարանը համապատասխան բանաձև է ընդունել 1987 թվականին, երբ Հայաստանի Հանրապետությունը դեռ գոյություն չուներ։ Գործընթացը սկզբնավորվել է Ցեղասպանությունը վերապրածների, նրանց ժառանգների, հայկական համայնքների, միջազգային հետազոտողների և իրավապաշտպանների ջանքերով։ Անկախ Հայաստանը չի ստեղծել այդ օրակարգը, այլ ժառանգել և նպաստել է արդեն ձևավորված համազգային ու միջազգային շարժման զարգացմանը։ Ցեղասպանությունը ճանաչած պետությունների շահերն, անշուշտ, առկա էին, սակայն հայկական կողմը կարողացավ դրանք համադրել պատմական արդարության պահանջի հետ․ հենց սա է հայկական դիվանագիտության և Սփյուռքի համատեղ ձեռքբերումը։

Քննարկվող հարցը անհրաժեշտ է դիտել նաև պետա-իրավական հարթությունում։ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում ինստիտուցիոնալացվել է դեռևս խորհրդային տարիներին․ Համազգային Շարժման ջանքերով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1988թ. նոյեմբերի 22-ին ընդունեց «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը։ Այս իրավա-քաղաքական դրույթն ամրագրվեց ՀՀ Անկախության հռչակագրում։ Անկախ այդ հիմնարար փաստաթղթի նկատմամբ ՔՊ ներկայացուցիչների քաղաքական բարդույթներից՝ ըստ Հռչակագրի «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» (11-րդ կետ)։ Հատկանշական է, որ այս դրույթը «թավշյա հեղափոխության» մարտիկների համար անընդունելի դարձավ պատերազմում պարտությունից և Արցախի հանձնումից հետո։ Նշենք նաև, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը հիմք է ընդունում Հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։ ՀՀ ԱԺ պատգամավորը պարտավոր է իմանալ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրույթը ընկած է հայկական պետականության իրավա-քաղաքական հիմքերում և անվայել է ճանաչման քաղաքականությունը ներկայացնել որպես պատահական կամ ժամանակավոր քաղաքական արշավ, որը պետությունը ձեռնարկում է կամ դադարեցնում քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքով։

Իրականությանը չի համապատասխանում նաև պր-ն Եղոյանի այն պնդումը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չի եղել. ՌԴ Պետական Դումայի 1995թ. ապրիլի 14-ի Հայտարարության նախագիծը գրեթե օն-լայն ռեժիմով համաձայնեցվում էր ՀՀ մի պաշտոնյայի հետ (նրա անունը, ցանկության դեպքում, կարելի է ճշտել նախագծի հիմնական հեղինակ Կոնստանտին Զատուլինից)։ Եթե նույնիսկ ընդունենք, որ առաջին նախագահի ներգրավվածությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ավելի սահմանափակ էր, քան հաջորդ երկու նախագահների, դա չի փոխում հարցի էությունը։ Որոշակի ժամանակահատվածում որևէ ուղղության՝ արտաքին քաղաքական առաջնահերթություն չլինելը և այդ ուղղության լեգիտիմությունը կասկածի տակ դնելը սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ են։

Տարածաշրջանային ներկա իրադրությունում ՔՊ-ի ներկայացուցչի կողմից հարցի նման ձևակերպումը ոչ թե ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության անաչառ վերագնահատման, այլ արտաքին պարտադրանքի հետևանք է։ Դրա վկայությունն է Թուրքիայի համառորեն դրսևորվող չկամությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ և բացելու ցամաքային սահմանը նույնիսկ ղարաբաղյան հակամարտության փաստացի «լուծումից» հետո։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության և փակ ցամաքային սահմանի պահպանումը հիմք են տալիս պնդելու, որ Թուրքիան շարունակում է կարգավորման հեռանկարն օգտագործել որպես ճնշման միջոց՝ ՀՀ կառավարությունից հետագա զիջումներ կորզելու համար, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջմղումից հրաժարվելը և այդ թեման մեր երկրի ներքաղաքական օրակարգից դուրս մղելը։ Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հարաբերությունների կարգավորումն ու պատմական հիշողության պահպանումը միմյանց չեն բացառում։ Կայուն հաշտեցումը պահանջում է ոչ թե պատմական հիշողությունից հրաժարում և անցյալի մոռացում, այլ անցյալին ազնիվ գնահատական տալու կողմերի պատրաստակամություն։

ՀՀ կառավարության՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջ մղելուց հրաժարումը չվերացրեց խնդրի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Այս կապակցությամբ հատկանշական է Իսրայելի օրինակը․ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման պայմաններում Նեթանյահուի կառավարությունը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ այն օգտագործելով որպես Անկարայի վրա քաղաքական ճնշման միջոց։ Ավելի ուշ, Ադրբեջանի առարկություններից հետո, Քնեսեթի օրակարգից հանվեց նախատեսված քվեարկությունը։

Այսպիսով, ճանաչումը գործիք ծառայեց Թուրքիայի հետ հակադրության մեջ, մինչդեռ դրա հետագա օրենսդրական ամրագրումը զոհաբերվեց Բաքվի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանմանը։ ՀՀ կառավարությունը գործընթացի հենց սկզբից անգամ չեզոք դիտորդի դիրք չպահպանեց՝ Իսրայելի կառավարության նախաձեռնությունը հրապարակայնորեն դիտարկելով Հայոց ցեղասպանության հարցի «զենքայնացման» համատեքստում։ Սակայն նման դիրքորոշումը չչեզոքացրեց ճանաչման հարցի միջազգային քաղաքականացումը, այլ նախաձեռնությունը փոխանցեց այլ պետությունների՝ դրա հետագա քաղաքական օգտագործումը պայմանավորելով այդ պետությունների շահերով։ Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ քննարկման և գնահատման կարիք ունեն ոչ թե ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլ օրակարգից Հայաստանի կառավարության հրաժարման դրդապատճառները և հետևանքները։

«Իսկ ի՞նչ տվեց դա մեզ» հարցադրումով  ՔՊ-ն քննարկումը տեղափոխում է այլ հարթություն․ փոխանակ գնահատելու, թե ինչ կորցրեց Հայաստանը՝ հրաժարվելով ակտիվ դիրքորոշումից, հարկ է լինում ապացուցել բուն ճանաչման գործնական օգտակարությունը։ Ներքաղաքական իմաստով դա ցինիկ քաղաքական ուտիլիտարիզմ է, իսկ արտաքին քաղաքականով՝ Թուրքիայի ազգային շահերի սպասարկում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն, անշուշտ, չէր ենթադրում Վիլսոնյան Հայաստանի գաղափարի իրականացում։ Սակայն այն նպաստեց պատմական ճշմարտության պաշտոնական միջազգային ամրագրմանը, ժխտման տարածքի սահմանափակմանը և հետագա գործողությունների համար քաղաքական-դիվանագիտական ներուժի ստեղծմանը։ Թե որքան արդյունավետ է Հայաստանն օգտագործել այդ քաղաքական ներուժը, քննարկման առարկա է։ Քաղաքական պրագմատիզմը չի կառուցվում պատմական ամնեզիայի և արտաքին ճնշման ներքո ձեռքբերվածից հրաժարվելու վրա, այն պահանջում է նպատակների հստակեցում և առավել հետևողական պետական քաղաքականություն։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (1990-99ԹԹ.)

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment