Շվեդիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի ԳԱԱ հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը․ Եվրոպայի հայերի համագումարը խստորեն դատապարտում է

Եվրոպայի հայերի համագումարը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը՝ հատկապես եվրոպական երկրներում։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպվել է Ադրբեջանի դեսպանատան, պետական կառույցների եւ այսպես կոչված «Շվեդիա-Ադրբեջան միության» կողմից:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը ներկայացնել որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»՝ նշանակում է փորձել ժխտել հայ ժողովրդի հազարամյակների պատմական և մշակութային ժառանգությունը։ Սա մշակույթ չէ, այլ գիտակցված քարոզչական արշավ, որի նպատակն է տարածել Ադրբեջանի պաշտոնական նարատիվը Շվեդիայում եւ այլ երկրներում։

Ադրբեջանական այս միությունը (SAF-ը) Ստոկհոլմում գրանցված է որպես մշակութային և համագործակցության միություն, սակայն նրանց գործունեությունը ցույց է տալիս, որ նրանք իրականում գործում են սերտ կապերով Ադրբեջանի կառավարության և դեսպանատան հետ` որպես կցորդ միություն։

Պետական նարատիվների և պատմության կեղծիքների տարածմամբ նրանք խախտում են այն օրինաչափությունը, որը սպասվում է մշակութային միությունից ժողովրդավարական երկրում։

Ավելին, SAF-ը ոչ միայն սերտորեն համագործակցում է պետական կառույցների հետ, այլև ստանում է ֆինանսական աջակցություն Բաքվի կառավարությունից։

Այսօր, երբ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պաշտոնապես խոսում են խաղաղության և հաշտության մասին, առավել վնասակար է տարածել քարոզչություն, որը հիմնված է կեղծիքների և պատմական վերաշարադրումների վրա։ Նման գործունեությունը վտանգում է խաղաղության գործընթացը և խորացնում է պառակտումը։

Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում Շվեդիայի հասարակությանը լինել զգոն և չխաբվել քաղաքականապես մոտիվացված կեղծիքներով։ Մշակութային միությունները պետք է նպաստեն երկխոսությանը, փոխըմբռնմանը և հարգանքին՝ այլ ոչ թե պառակտմանը և կեղծարարությանը։

Եվրոպայի հայերի համագումար
Շվեդիա, Ուփսալա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment