Հիփեր․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը (PAN.am)

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Անիտա Հիփերը։

Խոսքը վերաբերել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին հաջորդած զարգացումներին, հայտնում է Auroranews.am-ը:

«Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաձեռնումը և խաղաղության գործընթացի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը 2025 թվականի օգոստոսի 8-ին դարձան պատմական քայլեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին»,- ասել է Հիփերը։

Նրա ներկայացմամբ՝ այդ պահից ի վեր կողմերը կարևոր առաջընթաց են արձանագրել։ ԵՄ-ն ձեռքբերումների թվում առանձնացրել է առևտրային և տարանցիկ սահմանափակումների վերացումը, պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։

Միևնույն ժամանակ Բրյուսելը կարևոր է համարել ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա կյանքի կոչումը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։

Եվրամիությունը կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը, առևտրի ընդլայնումն ու էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացումը։

Հիփերը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, կարգավորել հումանիտար խնդիրները և աշխատանք իրականացնել երկու հասարակությունների միջև հաշտեցման ուղղությամբ։

«ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական օգնություն տրամադրել այս բոլոր ոլորտներում»,- հայտարարել է Հիփերը։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։

Leave a comment