ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։
ԱԺ նիստում իր ելույթում Դավիթ Ղազինյանն ասաց, որ ՀՀ-ն էներգետիկայի մասով համարվում է ինքնաբավ երկիր։
«Ինչ վերաբերում է արեւային համակարգին, այս ամբիոնից վարչապետը հայտարարեց, որ սարքել ենք երկու հատ Ատոմակայան։ Խոսքը վերաբերում է արեւային կայաններին։ Եթե արեւային կայանների այդ երկու ատոմակայանը չունի ակումուլյացիոն համակարգ, այսինքն՝ մենք չենք կարողանում դա կուտակել, ապա դա ավելի մեծ վտանգ է դառնում, քան օգուտ։ Այսինքն՝ երբ առաջարկն ավելի շատ է պահանջարկից, դա շատ լուրջ պրոբլեմ է։ Որպեսզի ունենանք կայունություն, շատ անհրաժեշտ է ունենալ այդ ակումուլյացիոն կայանները։ Անգամ եթե Ատոմակայանը կանգնի էլ, ՀՀ-ն էներգետիկայի մասով համարվում է ինքնաբավ երկիր։ Այս պարագայում քննարկել, թե Ալիեւն ինչ է ասել՝ Նախիջեւանից հոսանք բերենք, այս անենք, այն անենք, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց նա։
Դավիթ Ղազինյանն ասաց, որ խնդիր կա նաեւ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շարունակություն համարվող Հայաստան-Վրաստան գծի կառուցման հարցում, այն դոփում է իր տեղում։
ՔՊ-ական պատգամավորները հարց ուղղեցին Ղազինյանին Սամվել Կարապետյանի հայտարարության մասին՝ ՀԷՑ-ի վրա «թքած ունենալու» վերաբերյալ։ «Սամվել Կարապետյանը, երբ ասել է՝ «թքած ունեմ ՀԵՑ-ի վրա», խոսքը վերաբերում է նրան՝ թքած ունեմ ակտիվի վրա։ Այսինքն՝ եթե միտքը եղել է այն, որ իր այդ հայտարարության արդյունքում ՀԷՑ-ը պետք է խլեն, ասել է՝ թքած ունեմ դրա վրա։ Իմանար «Դալման» էլ են ուզում խլել, կասեր՝ թքած ունեմ «Դալմայի» վրա»,- ասաց Ղազինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: