Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վարդաձոր բնակավայրի դաշտամիջյան հատվածից էլեկտրահարված վիճակում տեղափոխել է տղամարդու դի։
Տեղում համայնքային ոստկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Հ.-ն է, ով նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում Վարդաձոր բնակավայրի 33-րդ փողոցում արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելու ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Մարտունու քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Քոչար Քոչարյանի և օրվա պատասխանատու հերթապահավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդաձոր բնակավայրում արտաքին լուսավորության էլեկտրասյուների տեղադրման աշխատանքներն իրականացվում է «ՆԻԿ-ԴԱՖ» ՍՊԸ-ի կողմից։