Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել

Հասարակություն

06.10.2026 | 15:29

Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում հայհոյելու դեպքով արդարացվել է, նույն գործով որդու՝ Սպարտակ Ղուկասյանի արարքը՝ վերաորակվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասացին փաստաբաններ Արամայիս Հայրապետյանը և Հովհաննես Ղարաքեշիշյանը։

«Որոշման քաղվածքը դեռ չենք ստացել, հայտնի չէ՝ որ հոդվածով է վերաորակվել, սակայն Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվել է»,- նշեց Ղարաքեշիշյանը։

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստերից մեկի ժամանակ վերջինս արտահայտություններ էր արել, որոնք նաև հայհոյանքներ էին պարունակում։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Ղուկասյանի որդուն առաջադրված մեղադրանքը ևս առնչվում էր դատական նիստերից մեկի ժամանակ թույլ տված արտահայտության հետ։ Մասնավորապես, անդրադառնալով հորն առաջադրված մեղադրանքին, ասել էր. «իրենց կնգտիք թող պատրաստվին»:

Հիշեցնենք՝ Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքը վերաբերում է կաշառքին, երկրորդը՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչին։

Ռոզա Վարդանյան

Leave a comment