Ղազարյանը ներողություն չի խնդրել Աժ-ում ելույթի համար (PAN.am)

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 13-ի միջադեպից հետո ներողություն չի խնդրել:

ԱԺ օգոստոսի 13-ի նիստում Ղազարյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է։ ՔՊ-ականների դժգոհությունը մասնավորապես առաջացրել է Ղազարյանի ելույթում հնչած «սրիկայաբար» բառը։ Նրանք պահանջել էին, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի։

«Այսօր, ինչպես միշտ, բարեխղճորեն եկել եմ իմ պարտականությունները կատարելու։ Որևէ բան տեղի չի ունեցել»,- ԱԺ-ում լրագրողներին ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք պատգամավորը ներողություն կխնդրի նախորդ օրվա միջադեպի համար, սակայն Ղազարյանը չի պատասխանել, քանի որ այդ պահին արդեն մուտք է գործել նիստերի դահլիճ։

Արդեն նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվել է. «Պարոն Էդգար Ղազարյանն ասելիք ունի՞»։

«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- ասել է Ղազարյանը։

«Շատ լավ»,- ասել է Ռուբինյանն ու դիմել «Ուժեղ հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Ասելիք ունեք»։

«Ոչ»,- պատասխանել է Կարապետյանը։

«Շատ լավ, հարգելի գործընկերներ դուք ընտրեցիք այդ ճանապարհը»,- ասել է Ռուբինյանը։

ՔՊ-ականները պահանջել են, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի։

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո Ռուբեն Ռուբինյանը դիմել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ Էդգար Ղազարյանի պահվածքի վերաբերյալ ակնկալելով հստակ արձագանք: Նիստը նախագահողը նաև նախազգուշացրել է, որ Ղազարյանի համար դահլիճում «հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը» հայտնվել է քանդման եզրին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, արձագանքելով հնչեցված մեղադրանքներին, ասել է․ «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակներում դա բարեվարքության նորմի խախտում էր»։ Կարապետյանը հայտնել էր, որ խմբակցությունը նիստ է անցկացնելու՝ ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները քննարկելու նպատակով։

Leave a comment