ԱՄՆ-ում իրավապահ մարմինները բացահայտել են օտարերկրացիների համար կեղծ ամուսնությունների կազմակերպման խոշոր սխեմա, որոնց նպատակն էր ստանալ կեցության թույլտվություն, հայտարարել են դաշնային դատախազները։ Գործով Նյու Յորքի շրջանից 11 մարդ է հարցաքննվում, հայտնում է ABC 7-ը
ԱՄՆ-ում իրավապահները բացահայտել են ավելի քան 10 տարի գործող կեղծ ամուսնությունների խոշոր ցանց, որի նպատակն էր օտարերկրացիներին օգնել ստանալ ԱՄՆ գրին քարտ և հետագայում՝ քաղաքացիություն։ Նյու Յորքի հարավային շրջանի դատախազության տվյալներով՝ գործով ներգրավված է 11 մարդ, իսկ սխեմայի հիմնական շահառուները Չինաստանի քաղաքացիներ են եղել։
Ըստ մեղադրանքի՝ օտարերկրացիները կազմակերպիչներին վճարել են տասնյակ հազարավոր դոլարներ, որոշ դեպքերում՝ մինչև 100 հազար դոլար։ Ամերիկացի քաղաքացիներին էլ վճարել են կեղծ ամուսնություններին մասնակցելու համար։
Կազմակերպիչները փորձել են ամուսնությունները ներկայացնել որպես իրական․ կազմակերպել են հարսանեկան արարողություններ, լուսանկարահանումներ և այլ միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, զույգերին հանձնարարվել է առանձին ապրել և իրական հարաբերություններ չունենալ։ Գրին քարտ ստանալուց հետո կազմակերպիչները կարող էին նաև օգնել ամուսնալուծության գործընթացում։
Դատախազությունը կարծում է, որ ցանցը կարող էր կազմակերպել հարյուրավոր կեղծ ամուսնություններ և ավելի քան տասը տարվա ընթացքում ստանալ տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Գործը համարվում է ԱՄՆ-ում կեղծ ամուսնությունների հետ կապված ամենախոշոր հետաքննություններից մեկը։