Ադրբեջանական Gagashev. net կայքը երեկ հրապարակում է տարածել, ըստ որի՝ ադրբեջանցի երգչուհի Այսել Մամեդովան այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում պետք է ներկայացնի «Արեւմտյան Ադրբեջանը»՝ «Զանգեզուրի միջանցք՝ խաղաղության երազանք» երգով։ Կայքի հրապարակման համաձայն՝ երգչուհին ելույթ կունենա հայազգի երգիչ Մգեր Արմենիայի հետ։
Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է, թե «Եվրատեսիլի» կազմակերպչական հանձնաժողովը երկու հայտ է ընդունել՝ մեկը Ադրբեջանի Հանրապետության, մյուսը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» անունից։ Կայքը նաեւ պնդում է, թե Այսելը պետք է երգի «Արեւմտյան Ադրբեջանի երկու համայնքները ներկայացնող» Մգեր Արմենիայի հետ՝ դա ներկայացնելով որպես ադրբեջանական կողմում նախկինում չեղած հանդուրժողականության օրինակ։
Մգեր Արմենիան MediaHub-ի հետ զրույցում անդրադարձել է հրապարակմանը՝ նշելով, որ այն իրեն ավելի շատ հումորային նյութ է հիշեցնում, քան իրական տեղեկություն։
«Ինձ համար ուղղակի ծիծաղելի է այդ նյութը։ Ինչպե՞ս կարող եմ ես «Արեւմտյան Ադրբեջանը» ներկայացնել։ Ինձ թվում է՝ այդ կայքը պարզապես հումոր է արել, որովհետեւ ուսումնասիրել եմ էջը եւ հասկացել, որ այն ավելի շատ հումորային բնույթ ունի»-, ասել է երգիչը։
Մգեր Արմենիայի խոսքով՝ իրեն առավել մտահոգում է ոչ թե ադրբեջանական կայքի հրապարակման բովանդակությունը, այլ այն, որ որոշ հայ օգտատերեր նման ապատեղեկատվությանը հավատում են։
«Ինձ համար ցավալին ու վիրավորականը ոչ թե այդ նյութի աբսուրդային մակարդակն է, այլ այն, որ կան մարդիկ, որոնք հավատում են նման ապատեղեկատվությանը»,- նշել է երգիչը։
Հունան Թադևոսյան