ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին, ներկայացրել Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակն ու հետագա զարգացման առաջնահերթ ուղղությունները:
Նա առանձնացրել է գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։
Նիստում անդրադարձ է եղել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման համակարգերի զարգացմանը։
Մասնակիցները քննարկել են նաև ագրոարդյունաբերական ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։