Նրանք ունեն հմտություններ, փորձ և, որ ամենակարևորն է, աշխատելու մեծ ցանկություն, բայց հաճախ դժվարանում են անել առաջին քայլը՝ ներկայանալ գործատուին։
Բռնի տեղահանված և խոցելի իրավիճակում գտնվող կանայք հաճախ բախվում են հենց այս խոչընդոտին։
Նրանց աջակցելու նպատակով Երևանում անցկացվեց «Աշխատանքի տոնավաճառ 2026»-ը։
Տոնավաճառը մեկ հարթակում էր համախմբել ավելի քան 30 գործատուների և աշխատանքի հնարավորություն փնտրող կանանց։
Այն կազմակերպվել էր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից՝ «Արբեիտեռ-Սամարիտեռ-Բունդ» (ASB) կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ իրականացվող ELSI ծրագրի շրջանակում։
Նախաձեռնության նպատակն էր աջակցել Արցախից բռնի տեղահանված և ընդունող համայնքների խոցելի խմբերի կանանց՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ մայրերին, բազմանդամ ընտանիքների անդամներին և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված այլ կանանց՝ աշխատանքի հնարավորություններ գտնելու հարցում՝ ստեղծելով անմիջական կապ գործատուների և աշխատանք փնտրողների միջև։
«Մեր նպատակն է ոչ միայն զարգացնել մարդկանց մասնագիտական հմտությունները, այլև ստեղծել իրական աշխատանքի հնարավորություններ։ Մարզային հանդիպումների ընթացքում տեսել ենք, որ շատ կանայք դժվարանում են ինքնուրույն դիմել գործատուներին։ Այդ պատճառով փորձել ենք գործատուներին բերել նրանց մոտ՝ ստեղծելով հանդիպելու և իրենց կարողությունները ներկայացնելու հնարավորություն»,- նշում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի նախագահ Ալլա Հարությունյանը։
Տոնավաճառին մասնակցում էին նաև ծրագրի շրջանակում մասնագիտական վերապատրաստում անցած կանայք։ Նրանք հանդիպեցին գործատուների հետ, ներկայացրին իրենց հմտությունները և ծանոթացան առաջարկվող աշխատատեղերին։ Նրանցից մեկն էլ Նարինեն էր։
«Մասնակցել եմ կարի դասընթացների։ Հիմա ուզում եմ աշխատել, գտնել աշխատանք և կիրառել իմ ձեռք բերած հմտությունները»,- ասում է արցախցի կինը։
«ԷյԷսԲի» (ASB) կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ նման հանդիպումները կարևոր են, քանի որ օգնում են գործատուներին և աշխատանք փնտրողներին գտնել միմյանց։
«Այս հարթակը հնարավորություն է տալիս մարդկանց հանդիպել, զրուցել, հասկանալ միմյանց կարիքները։ Մարդիկ այստեղ ձեռք են բերում կարևոր հմտություններ»,- նշում է նա։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա շրջեց տաղավարներով և ծանոթացավ ներկայացված աշխատանքի հնարավորություններին։
«Այս տոնավաճառները կարևոր են և ցույց են տալիս, որ աշխատանք կա։ Հաճախ գործատուները չեն կարողանում գտնել իրենց որակներին համապատասխան աշխատող, իսկ աշխատանք փնտրողները՝ իրենց հմտություններին համապատասխան աշխատանք։ Կարևոր է նաև, որ այստեղ ներկայացված են մասնագիտական ուսուցում իրականացնող կառույցներ, որոնք կարող են մարդկանց վերապատրաստել և վերապրոֆիլավորել»,- շեշտեց նախարարը։
Տոնավաճառին մասնակցում էին սպասարկման, վաճառքի, արտադրության, սննդի, կարի և հագուստի արտադրության, վարչական, սոցիալական ծառայությունների, խնամքի և այլ ոլորտներ ներկայացնող ավելի քան երեք տասնյակ գործատուներ։ Բոլորի ցանկությունն էլ հստակ էր․ գտնել նոր աշխատակից։
Արփի Մուրադյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: