Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակում գրանցված վերջին մահվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։
Այդ մասին Փաշինյանը հայտնել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ առավոտյան իրադրությունը քննարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, և առաջիկայում կլինեն կադրային որոշակի փոփոխություններ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են, հայտնում է Արմենպրեսը:
«Ես արդեն կայացրել եմ որոշում, որի համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում կունենանք փոփոխություն, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում նույնպես կունենանք կադրային փոփոխություն։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և կգանք հետևությունների։ Այո, պետք է լինի անհատական պատասխանատվություն։ Իմ գնահատականն այն չէ, որ տվյալ իրադրությունում գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»,- պարզաբանել է վարչապետը։
Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: