Պուտինն առաջին անգամ այցելել է Իտուրուպ կղզի

Պուտինն առաջին անգամ այցելել է Իտուրուպ կղզի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կուրիլյան կղզեխմբի մեջ մտնող Իտուրուպ կղզի, որը Ճապոնիան համարում է իր տարածքը։ Ռուսական լրատվամիջոցները այցի մասին հայտնել են օգոստոսի 13-ին՝ Կուրիլյան կղզիների հարակից շրջանում խոշոր ռազմածովային զորավարժություններից և Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումից մեկ օր անց։

Մոսկվան և Տոկիոն երբևէ չեն ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնապես ավարտող խաղաղության պայմանագիր։ Դրա հիմնական խոչընդոտը կղզիների նկատմամբ տարածքային չլուծված վեճն է։ Այդ կղզիները Ճապոնիայում անվանում են «Հյուսիսային տարածքներ»։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ սա Պուտինի առաջին այցն է Կուրիլյան կղզիներ։ Մինչ այդ, Ռուսաստանի պետության և կառավարության ղեկավարները Կուրիլյան կղզիներ այցելել էին ընդհանուր առմամբ հինգ անգամ։ Դմիտրի Մեդվեդևը կղզիներ է այցելել չորս անգամ՝ 2010 թվականին՝ որպես ՌԴ նախագահ, իսկ 2012, 2015 և 2019 թվականներին՝ որպես Ռուսաստանի վարչապետ։ 2021 թվականին Իտուրուպ կղզի է այցելել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ 

Պուտինն այցելել է Իտուրուպում գտնվող «Յասնի» ձկնավերամշակման գործարան։

Գործարարնում Պուտինին պատմել են ձկնորսության և ձկների միգրացիոն վարքագծի, նաև տեղեկացրել են, որ այս շրջանում Կուրիլյան կղզիների ջրերը լի են թունայով։ Այցի ընթացքում Պուտինը հանդիպել է նաև Իտուրուպի բնակիչների հետ։

Պուտինը Իտուրուպ է ժամանել Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլին մասնակցելուց հետո։ Նա զորավարժություններին հետևել է «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավից, որից հետո նույն նավի վրա խորհրդակցություններ է անցկացրել։

Leave a comment