Քաղաքականություն
13.08.2026 | 10:17
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բաշկորտոստանի վրա: Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել է, որ անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են Սալավատի արդյունաբերական գոտում՝ հրդեհ առաջացնելով, գրում է Current time-ը։
Խաբիրովը չի նշել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը: Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատի» վրա, որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկն է։ Այն գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1300 կիլոմետր հեռավորության վրա:
Գործարանն արդեն մի քանի անգամ հարձակման է ենթարկվել: Ուկրաինայի զինված ուժերի կողմից հուլիսի 14-ի գիշերը հերթական հարվածից հետո գործարանը դադարեցրել է գործունեությունը:
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը, իր հերթին, հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի վթարի հետևանքով Դոնեցկի մերձակայքում գտնվող «Իստոկ» հանգստավայրում մի աղջիկ է վիրավորվել: Կրասնոսուլինսկի շրջանի Նիժնիյա Կովալևկա գյուղում և Կամենսկի շրջանի Վոլչենսկի գյուղի դպրոցի բակում էլ խոտ է այրվել, դպրոցի շենքի մի քանի պատուհաններ վնասվել են։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, զինվորականները ութ շրջաններում խոցել են «շուրջ 90 անօդաչու թռչող սարք»։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրենբուրգի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի մարզի, Բաշկորտոստանի, բռնակցված Ղրիմի, Թաթարստանի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրայով խոցված ուկրաինական 362 անօդաչու թռչող սարքի մասին։