ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքի» հետ նույնացնելու ադրբեջանական պնդումներին, հայտարարել է, որ Հայաստանում այդպիսի տերմինով ենթակառուցվածք չկա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ այն անվանելով վաղեմի երազանք
Եղոյանը նշել է, որ առկա են ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ և նույնիսկ պայմանագրերի նախագծեր, որոնցից որևէ մեկում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չի հանդիպել, հայտնում է Aysor.am-ը:
«Չկա նման բան: Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել, մենք էլ ենք ասում, որ նման տերմինով ենթակառուցվածք ՀՀ-ում չկա։ Գոյություն ունի TRIPP նախագիծը, որի տակ դրված են նաև Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի և ՀՀ վարչապետի ստորագրությունները»,-ասել է նա։
Եղոյանը նաև հավելել է, որ ճանապարհների ապաշրջափակումը շահավետ է բոլոր երեք կողմերի համար։
Ալիևը օգոստոսի 11-ի իր հարցազրույցում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը Ադրբեջանի նախաձեռնությունն է, իսկ Ադրբեջանի հիմնական մասի կապն իր անքակտելի մասի՝ Նախիջևանի հետ՝ վաղեմի երազանքը:
«Մենք վստահ և շատ հմտորեն մոտենում էինք այդ նպատակին և արդեն մոտեցել ենք»,-ասել է նա: