Իռլանդիան կառաջարկի ավելի քան 100 մլրդ եվրոյով կրճատել ԵՄ բյուջեն

Իռլանդիան, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհրդում, պատրաստվում է առաջարկել Եվրամիության բազմամյա բյուջեն ավելի քան 100 մլրդո եվրոյով կրճատելու նախագիծ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ նման կրճատման դեպքում կնվազեցվեն ֆերմերներին տրամադրվող սուբսիդիաները և տարածաշրջանային ֆինանսավորման մի մասը։ Խնայողությունների այս տարբերակին դեմ է 17 երկրից կազմված «Համախմբվածության բարեկամներ» խումբը, որի կազմում են, մասնավորապես, Իտալիան, Իսպանիան և Լեհաստանը։

Եվրոպացի անանուն դիվանագետի խոսքով՝ նոր փաստաթղթում նախատեսված կլինեն կրճատումներ, որոնք «չեն ուրախացնի «Համախմբվածության բարեկամներին»»։

Politico-ի տեղեկություններով՝ նոր բյուջեի ընդունման գործընթացի վրա ազդում են նաև Եվրոպական խորհրդարանում զուգահեռ ընթացող բանակցությունները, որոնք քաղաքական ուժերի միջև տարաձայնությունների պատճառով կարող են ձգձգվել։

ԵՄ բազմամյա բյուջեն հաստատվում է յոթ տարի ժամկետով։ Ներկայում բանակցություններ են ընթանում հաջորդ բազմամյա ֆինանսական ծրագրի շուրջ, որի ծավալը, Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն, գնաճը հաշվի առնելով պետք է կազմի 1.76 տրլն եվրո։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, որը զգալի ներդրում ունի ԵՄ բյուջեում, առաջարկվող ծավալը չափազանց բարձր են համարում։

Leave a comment