ՌԴ-ում պատիժ կրող Գիլմանին ներում են շնորհել, Թրամփը հաստատել է նրա վերադարձը (PAN.am)

Ռուսաստանում 2022 թվականին ձերբակալված և Վորոնեժում տասը տարվա ազատազրկման դատապարտված նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանը մարդասիրական նկատառումներով ներման է արժանացել։

Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Կրեմլն առայժմ չի մեկնաբանել այն, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գիլմանին գաղութի հիվանդանոցից տեղափոխել են սովորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք՝ «դիսոցիատիվ ստուպոր» գնահատված վիճակում։

«Հպարտությամբ հայտնում եմ, որ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը՝ ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայողը, վերադառնում է Տուն։ Լրատվամիջոցներում լայնորեն լուսաբանված պատմության համաձայն՝ Ռոբերտը Ռուսաստանում բանտարկվել էր 2022 թվականին՝ Բայդենի վարչակազմի օրոք։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ բանակցություններից հետո Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել նրան՝ առաջին հերթին մարդասիրական նկատառումներով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցում։

«Մենք գնահատում ենք այս որոշումը և այն փաստը, որ Ռուսաստանը դրա դիմաց ոչինչ չի խնդրել՝ որևէ փոխանակում չի եղել», — ընդգծել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ազատ արձակված ամերիկացուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարելու Վաշինգտոնի Էնդրյուս ավիաբազայում։ Նա նաև հաստատել է Ռոյթերսի տեղեկությունը, որ իր ներկայացուցիչները գտնվել են օդանավում։

«Ես հենց նոր խոսեցի նրա հետ, և նա միայն մեկ խնդրանք ուներ՝ ժամանելուն պես հիանալի չիզբուրգեր», -գրել է Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, փեսա Ջարեդ Քուշներին և ևս երկու պաշտոնյայի։

«Պարոն Գիլմանը միանում է ավելի քան 100 ամերիկացիներին, որոնց նախագահ Թրամփն ազատել է իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում», — X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին համագործակցության համար։

«Թեև մենք գնահատում ենք այս դրական քայլը, շարունակում ենք պահանջել անարդարացիորեն կալանավորված մյուս բոլոր ամերիկացիների անհապաղ վերադարձը», — հավելել է նա։

Կրեմլն առայժմ չի մեկնաբանել Ռոյթերսի հաղորդումն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը մարդասիրական նկատառումներով ներման է արժանացրել նախկին ծովային հետևակայինին այն բանից հետո, երբ Գիլմանը տեղափոխվել է հոգեբուժարան։

Նախկին ծովային հետևակայինի ազատ արձակման մասին առաջինը հաղորդել է Reuters գործակալությունը, որի տվյալներով՝ 32-ամյա Գիլմանը երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարության ինքնաթիռով հեռացել է Ռուսաստանից։ Գործակալության զրուցակիցներից մեկին հաջողվել էր խոսել Գիլմանի հետ։ Նրա փոխանցմամբ՝ նախկին ծովային հետևակայինը կարողանում է քայլել և խոսել։

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ նա, կարծես, բավականին լավ վիճակում է», — ասել էր լրատվամիջոցի աղբյուրը։

Leave a comment