2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում (հունվար-հուլիս) Զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում մահվան 11 դեպք է արձանագրվել, որից 5-ը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ պահեստազորային, իսկ 5-ը՝ պայմանագրային զինծառայողներ։ Այս մասին Factor TV-ի տաղավարում հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նշված 11 դեպքերից երկուսը հիվանդության, մեկը՝ ականի պայթյունի, երկուսը՝ ինքնասպանության հասցնելու, չորսը՝ ինքնասպանության, իսկ երկուսը՝ սպանության հետևանքով են։
Թորոսյանն ընդգծեց, որ բանակում մահվան դեպքերը դասակարգվում են երկու խմբի՝ ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված։
«Պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որը նախորդ տարիներին հրապարակել է ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված մահվան դեպքերի վիճակագրությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ հաճախ մամուլում մահվան դեպքերը ներկայացվում են ընդհանրացված՝ առանց նշելու՝ դրանցից քանիսն են կապված ծառայության հետ, քանիսը՝ ոչ։
Նրա խոսքով՝ ծառայության հետ չկապված դեպքեր կարող են լինել, օրինակ, տանը հիվանդության հետևանքով կամ հանկարծամահ լինելու դեպքերը, ինչպես նաև՝ ծառայությունից դուրս սեփական մեքենայով երթևեկելիս տեղի ունեցած ՃՏՊ-ները։
Պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարը նշեց, որ 2025 թվականին Զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության որևէ դեպք չի արձանագրվել։
«Եթե մենք նայենք այդ վիճակագրությունը 1994 թվականից ի վեր, չեն եղել այդպիսի տարիներ, որ Զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու կամ սպանության դեպքեր չարձանագրվեն։ Մինչդեռ 2025 թվականին մենք արձանագրել ենք այդպիսի իրավիճակ՝ առաջընթաց, որ սպանության դեպք չի արձանագրվել»,- ասաց նա։
ՊՆ խոսնակի խոսքով՝ նախարարության համար յուրաքանչյուր մահ ողբերգություն է՝ անկախ այն հանգամանքից՝ կապվա՞ծ է ծառայության հետ, թե՞ ոչ։
Պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարից հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ վերջին շրջանում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին հաղորդագրություններ չեն տարածում։
«Սովորաբար հաղորդագրությունները տարածվում են և՛ Պաշտպանության նախարարության, և՛ Քննչական կոմիտեի կողմից, բայց, հաշվի առնելով որոշ դեպքերի առանձնահատկությունները, Պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում դրանց վերաբերյալ հաղորդագրություններ տարածելուց, որովհետև այդտեղ կան նաև գնահատականների հարցեր։ Եվ բացի այդ, ես հանրության տեսանկյունից ասեմ՝ Քննչական կոմիտեն ևս պետական մարմին է, որի կազմում կա Զինվորական քննչական գլխավոր վարչությունը»,- պարզաբանեց խոսնակը։
Անդրադառնալով այն հարցին, թե ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերից հետո քանի՞ բարձրաստիճան սպա կամ հրամանատար է պաշտոնանկ արվել՝ Թորոսյանն ասաց, որ ցանկացած պատահար ծառայողական քննության առարկա է դառնում։
Նրա խոսքով՝ կախված դեպքի իրավական կշռից՝ կարող են կիրառվել տարբեր միջոցներ՝ կարգապահական տույժից մինչև պաշտոնին անհամապատասխանության արձանագրում, պայմանագրի չերկարացում, ձերբակալություն կամ կալանավորում։ Միևնույն ժամանակ, ՊՆ քարտուղարը նշեց, որ թվային վիճակագրություն չունի։
Անդրադառնալով բանակում հոգեբանի ինստիտուտին՝ Թորոսյանը նշեց, որ այն կարևոր դեր ունի ինքնասպանությունների, ինքնախեղումների և ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով դեպքերի կանխարգելման գործում։ Սակայն բոլոր զորամասերում հոգեբանների հաստիքները 100 տոկոսով համալրված չեն։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև «Հետքի» հրապարակմանը, որում վարժական հավաքի մասնակցած հոդվածագիրը անդրադարձել էր դիրքերի պայմաններին՝ նշելով, որ այնտեղ չկային թաքստոցներ և անգամ աղվեսափոսեր։
Թորոսյանը հայտնեց, որ հրապարակումից հետո ինքը զանգահարել է հոդվածի հեղինակին և հարցրել, թե որ դիրքում է նա հերթապահություն իրականացրել։ Դրանից հետո ինքը և Գլխավոր շտաբի պետը անակնկալ այց են կատարել այդ դիրք։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում արձանագրել են, որ հոդվածում ներկայացված մի շարք պնդումներ իրականությանը չեն համապատասխանել, սակայն միաժամանակ որոշ խնդիրներ արձանագրվել են։ Խոսքը, մասնավորապես, ինժեներական կահավորման որոշ թերությունների մասին է։ Ըստ Թորոսյանի՝ համապատասխան հանձնարարականներ են տրվել, և դրանք պետք է կարճ ժամկետում շտկվեն։ Թորոսյանը նաև նշեց, որ դիրքը գտնվում է շուրջ 3000 մետր բարձրության վրա և 2021 թվականից հետո տեղակայված դիրք է։ Նրա խոսքով՝ այնտեղ եղանակային պայմանները բարենպաստ են տարվա ընթացքում ընդամենը երկու-երեք ամիս։ Միաժամանակ, նա ասաց, որ դիրքում խրամաբջիջներ և թաքստոցներ կային, իսկ հերթապահության պայմանները բավարար էին։
Անդրադառնալով հոդվածում նշված AK–74 ինքնաձիգների բացակայությանը, ՊՆ խոսնակը պարզաբանեց, որ դիրքերում կան անձեռնմխելի զինամթերքի պաշարներ, որոնք նախատեսված են հիմնական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար։
Նրա խոսքով՝ վարժական հավաքի մասնակիցը տվյալ դիրքում 14 օր է անցկացրել, մինչդեռ այնտեղ մշտական հերթապահություն իրականացնող անձնակազմ կա։
Թորոսյանը նաև անդրադարձավ հոդվածում նշված այն պնդմանը, թե զենքերի մաքրման համար անհրաժեշտ յուղը հասել է ուշ՝ 11-րդ օրը։ «Դա առանձին ուսումնասիրության նյութ է»,- ընդգծեց Թորոսյանը։
Արամ Թորոսյանը ներկայացրեց նաև բանակային դիրքերի ինժեներական կահավորման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Նրա խոսքով՝ 2023-2025 թվականներին միջդիրքային ճանապարհների բարելավման, կառուցման և վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 7.5 միլիարդ դրամ։
Նույն ժամանակահատվածում պաշտպանական կրակակետերի համակարգերի կառուցման համար ծախսվել է շուրջ 40 միլիարդ դրամ, իսկ բանակային դիրքերի բարելավման, վերանորոգման, ինժեներական տեխնիկայի ձեռքբերման և ռազմական ճանապարհների ձմեռային սպասարկման ուղղությամբ՝ 18.3 միլիարդ դրամ։
Թորոսյանի խոսքով՝ շարունակվում են նաև բանակային դիրքերի խրամաբջիջների, խրամուղիների, խրամատների, դիտակետերի և կրակակետերի կահավորման աշխատանքները։
Նա նշեց, որ զարգացվում են նաև կապի և դիտարկման համակարգերը, ինչպես նաև հակադրոնային տարբեր հեռահարության ճնշման միջոցները։
Թորոսյանի հետ զրուցել ենք նաև ընտրությունների օրը զինվորների քվերակությունից, վարժական հավաքներից, ԶՈւ նոր համազգեստի ամբողջական ներդրումից, ծառայության ժամկետը 2-ից 1․5 տարի դարձնելու պահանջով բողոքի ակցիաներից, անվտանգային իրավիճակից, սպառազինության ձեռքբերումներից, զինծառայողների ատեստավորումից և տարբեր երկրների հետ համատեղ զորավարժություններից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան