Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 2-ին, գիշերվա կեսին՝ ժամը 04․32-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գյումրիում բնակվող Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացի՝ 41-ամյա Պ․Օ․-ն ու հայտնել, որ Ղարսի խճուղում մարդ կա ընկած, ում դեմքն արյունոտված է։

Մեկ ժամ անց ոստիկանությունն ահազանգ է ստացել Գյումրի բժշկական կենտրոնից առ այն, որ Ղարսի խճուղուց շտապօգնության մեքենայով «դեմքի տարբեր հատվածների փափուկ հյուսվածքների սալջարդ վերք, ձախ արմունկի փափուկ հյուսվածքի սալջարդ վերք, ալկոհոլային խիստ հարբածություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 36-ամյա Դ․ Կ․-ն։

Ոստիկանության Կումայրի բաժնի համայնքային ոստիկան Ղարաղազարյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Պ․Օ․-ն, որն առաջինն էր ահազանգել ոստիկանություն՝ հայտնելով, թե Ղարսի խճուղում արնաշաղախ մարդ կա ընկած, և Դ․Կ-ն՝ ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել են «Մայր Հայաստան» հուշահամալիր, որտեղ Դ․Կ-ն մի քանի անգամ ընկել է գետնին՝ ստանալով մարմնական տարբեր վնասվածքներ, որից հետո շտապօգնությունը նրան տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն։

Ռուս տղամարդը հիվանդանոցում ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերել․ ոտքով հարվածել ու կոտրել է ընդունարանի հետազոտման սրահի դռան ապակին։

Համայնքային ոստիկաններից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment