Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի գործով դատական նիստը։
Այսօր նախատեսված էր գործով վկա Ռոզալյա Աբգարյանի հարցաքննությունը, սակայն վերջինիս առողջական խնդիրների պատճառով հարցաքննությունը չի կայացել։ Որոշվել է հարցաքննությունն իրականացնել տեսակապի միջոցով հաջորդ դատական նիստին։
Հիշեցնենք, որ Գոհար Ղումաշյանը մեղադրվում է այն բանում, որ, լինելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ և հանդես գալով նշված կուսակցության անունից, Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը, նպատակադրվել է բարեգործության անվան տակ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի Ռոզալյա Աբգարյանին նվիրել հեռուստացույց։ Սակայն 2026 թվականի մարտի 20-ին՝ ժամը 13:48-ի սահմաններում, Սիմոն Եսայանից տեղեկանալով, որ Ռոզալյա Աբգարյանն ունի հեռուստացույց, Սիմոն Եսայանի խորհրդով՝ հեռուստացույցի փոխարեն բարեգործության անվան տակ անհատույց պայմանով խոստացել և վերջինիս միջոցով Ռոզալյա Աբգարյանին տվել է չպարզված չափով գումար՝ այդ կերպ ընտրության ժամանակ խախտելով բարեգործության արգելքը։
«Այստեղ բարեգործության հետ կապված իրավիճակ առհասարակ չկա։ Թե՛ Գոհարը, թե՛ գործով վերաբերյալ մյուս անձը, տևական ժամանակ՝ 10 տարուց ավելի, մշտապես օգնել են այդ կնոջը։ Որևէ քաղաքական տարր այդ կնոջ հետ շփման մեջ չի եղել։ Իրենք չէին էլ կարող ակնկալել, որ այդ կինը որևէ ձևով կարող էր ընտրական գործընթացի մասնակից լինել։ Այդ կինը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ամենատարեց կին վետերանն է՝ 103 տարեկան։ Բարոյական պարտքի զգացումով այդ կնոջը օգնելու քննարկում է եղել, նույնիսկ աջակցություն էլ չի եղել։ Գաղափարը դա է, մնացածը դատարանում քննության ժամանակ կերևա»,- Aravot.am-ին ասաց Գոհար Ղումաշյանի պաշտպան, փաստաբան Վահե Միսակյանը։
Անդրադառնալով հեռուստացույցի փոխարեն գումար փոխանցելու դրվագին՝ փաստաբանն ասաց. «Հեռուստացույցի մասին է խոսք գնացել, քննարկվել է, հետո՝ իբր գումարով օգնել։ Հարցաքննության ժամանակ վկան կասի՝ ինչ է եղել իրականում։ Տարիքով, առողջական խնդիրներով է, բայց ծանոթներն ասում են՝ ադեկվատ կին է, կխոսի»։
Միսակյանի խոսքով՝ Գոհար Ղումաշյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ, իսկ չհիմնավորված մեղադրանքով հնարավոր չէ անձին դատապարտել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: