Պոլսո պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը՝ որակելով «խորապես վիրավորական»

Պոլսո պատրիարքությունը դատապարտել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսի նկատմամբ դատական գործընթացների մեկնարկն ու նրանց աշխարհիկ ատյաններ կանչելը՝ խորապես վիրավորական համարելով դա Հայ եկեղեցու նվիրապետական արժանապատվության համար։ Պատրիարքությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որդեգրված ժխտողական դիրքորոշումը խոր ցավ և վիրավորանք է առաջացրել Հայաստանի ու սփյուռքի հավատացյալների շրջանում, հայտնում է Sputnik Արմենիան:

Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը։ Բոլոր նվիրապետական աթոռները ճանաչում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը։ Ավելի վաղ հայտարարություններ են տարածել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը:

«Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդկային իրավունքների հիմնական սկզբունքները։ Մայր Աթոռի հեղինակությունը թուլացնելուն կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելուն միտված ցանկացած քայլ վնասում է եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրապնդված կապերին»,– ասված է Պոլսո հայոց պատրիարքության հայտարարությունում։

Ընդգծվում է նաև, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին եղել է հայ ժողովրդի անխորտակելի սյուներից մեկը։ Այդ պատճառով եկեղեցուն վերաբերող հարցերի շուրջ Ամենայն Հայոց վեհափառ հայրապետի և եկեղեցական նվիրապետության բարձրացրած ձայնում հանցագործություն փնտրելը պատրիարքությունը համարում է անտեղի և վիրավորական։

Պոլսո Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց վեհափառ հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին՝ բոլոր պատասխանատուներին հորդորելով անխոցելի պահել Հայ եկեղեցին և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նաև կաթողիկոսի ելքը Հայաստանից։

Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել:

Leave a comment