Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել

Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 5-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մասիս և Ջերմուկ համայնքների՝ 0.57 հա մակերեսով հողամասի 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը և 750 քմ մակերեսով հողամասի 2009 թվականի հունիսի 24-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Արարատի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ (ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներով օտարված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 95,5 հա)։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք, համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և Խ.Ա.-ի հորեղբոր՝ 2000-2018 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք գույքեր ձևական աճուրդների միջոցով օտարել են անձամբ իրենց: Այնուհետև, Խ.Ա.-ն, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքերի ենթադրյալ հանցավոր ծագումը թաքցնելու, քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով, կատարել է փողերի լվացում։

Ստուգմամբ պարզվել է, որ 2004 թվականի հունիսի 8-ին «Հայաստանի երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Մ.Գ.-ն, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ին է տրամադրել Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող՝ 16742 քմ մակերեսով հողամասից 500 քմ մակերեսով հատվածը։  

Արարատի մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ, Հակակոռուպցիոն կոմիտե առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment