Քաղաքականություն
10.08.2026 | 16:09
Ազգային ժողովում քննարկվում է էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանից հետաքրքրվեց, թե նախորդ գումարումների ընթացքում պատգամավորների կողմից էթիկայի նորմերի ենթադրյալ խախտումների դեպքում արդյոք անհրաժեշտ էր նման հանձնաժողով ստեղծել։
Ղազարյանը, մասնավորապես, հիշատակեց Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքը։ Նա նաև հարցրեց, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի նկատմամբ պատգամավորների կողմից անհարգալից վերաբերմունքը կարող էր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հիմք հանդիսանալ։
Ջուլհակյանը նշեց, որ նախորդ՝ 7-րդ և 8-րդ գումարումների ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ էթիկայի հանձնաժողովի կարիք է զգացվել։
«Ինչո՞ւ չի ստեղծվել այդ հանձնաժողովը, որովհետև օրենսդրությունը սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով»,- ասաց նա։
Ջուլհակյանի խոսքով՝ նախորդ կարգավորմամբ էթիկայի հանձնաժողովը մշտապես գործող մարմին չէր, և յուրաքանչյուր առանձին դեպքի համար հանձնաժողով ստեղծելը ենթադրում էր հարցի քննարկում Ազգային ժողովի լիագումար նիստում, ինչն էլ կարող էր հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ տվյալ պատգամավորը արդեն իսկ խախտել է էթիկայի կանոնները։
Ապա ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ջուլհակյանից հետաքրքրվեց՝ արդյոք էթիկայի հանձնաժողովում պետք է քննարկվի այն դեպքը, երբ պատգամավորը հայտարարում է, թե ցանկանում է, որ «հայ զինվորը մահանա»։
«Ես կարծում եմ, որ դա հիմք է, որ Ազգային ժողովի պատգամավորը, որը նման հայտարարություն է արել, իր մանդատը դնի»,- պատասխանեց Ջուլհակյանը։
Նրա խոսքով՝ պատգամավորի երդման տեքստը ենթադրում է, որ նա պետք է նպաստի հանրային համերաշխությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ուստի նման հայտարարությունները պատգամավորին չեն բերում ո՛չ պատիվ, ո՛չ հեղինակություն։
Մանրամասները՝ տեսանյութում։