Ինչ անել, երբ մեղվի խայթոցն ալերգիկ ռեակցիա է առաջացրել

Մարդկանց մեծամասնության դեպքում մեղվի խայթոցն առաջացնում է միայն թեթևակի ցավ և գրգռվածություն խայթված հատվածում, սակայն որոշ մարդկանց մոտ մեղվի խայթոցի պատճառով կարող է ալերգիկ ռեակցիա զարգանալ՝ թեթևից մինչև ծանր, որի ախտանշանները կարող են տարբեր լինել՝ ներառելով եղնջացան, կոկորդի կամ լեզվի այտուց, մաշկի կարմրություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ և այլն։ Ծանրագույն դեպքում մարդու մոտ կարող է անաֆիլաքսիա զարգանալ, որը կյանքին սպառնացող վիճակ է։

Տարածվա՞ծ է արդյոք մեղվի խայթոցի նկատմամբ ալերգիան

Ըստ Medical News Today-ի՝ մարդկանց մոտավորապես 5–7.5%-ը կյանքի ընթացքում միջատների խայթոցներից ունենում է ծանր ալերգիկ ռեակցիա։ Մեղվաբույծների շրջանում այդ ռիսկը հասնում է 32%-ի։

Միջատների խայթոցները շատ մարդկանց մոտ առաջացնում են թեթև կամ միջին ծանրության գրգռիչ ռեակցիաներ՝ ցավ, մաշկի տեղային գունափոխություն և այտուց։ Դա ալերգիկ ռեակցիա չէ։

Փոքրաթիվ  մոտ մեղվի խայթոցը կարող է առաջացնել համակարգային ալերգիկ ռեակցիա, որը տարածվում է ամբողջ օրգանիզմով՝ ներառելով մաշկը և շնչառական համակարգը։ Ալերգիկ ռեակցիան կարող է ծանր լինել և պահանջել շտապ բժշկական օգնություն։ Հազվադեպ առաջանում են նաև մահացու ռեակցիաներ։

Մեղվի թույնի նկատմամբ ռեակցիաները կարող են լինել թեթևից մինչև ծանր։ Թեթև դեպքերում ռեակցիան սահմանափակվում է խայթոցի շրջակայքով, իսկ ծանր դեպքերում ալերգիկ ռեակցիան կարող է ազդել մարմնի այլ հատվածների վրա։

Միևնույն մարդու արձագանքը մեղվի խայթոցին կարող է տարբեր լինել տարբեր դեպքերում։ Որոշ մարդկանց մոտ ամեն անգամ առաջանում է միայն տեղային ռեակցիա։

Կարևոր է իմանալ տարբեր աստիճանի ռեակցիաների ախտանշանները, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդը ստանա համապատասխան օգնություն և բուժում։

Ախտանշանները

Մեղվի խայթոցի ախտանշանները կախված են մարդու ալերգիկ զգայունությունից։ Խայթոցից անմիջապես հետո կարող է առաջանալ թեթև, միջին կամ ծանր ռեակցիա։

Թեթև ռեակցիա

Մեղվի խայթոցի ախտանշանների մեծ մասը շատ թեթև է և բժշկական օգնություն չի պահանջում։ Դրանք սահմանափակվում են խայթոցի տեղով և ներառում են՝

  • սուր, այրող ցավ,
  • մաշկի գունափոխում,
  • թեթև այտուց,
  • քոր։

Միջին ծանրության ռեակցիա

Մեղվի խայթոցի նկատմամբ միջին ծանրության ռեակցիայի դեպքում օրգանիզմն ավելի ուժեղ է արձագանքում մեղվի թույնին։ Այս վիճակը կոչվում է մեծ տեղային ռեակցիա։

Նման դեպքերում ախտանշանների ամբողջական վերացումը կարող է տևել ավելի քան մեկ շաբաթ։

Ախտանշաններն են այտուցը, մաշկի գունափոխությունն ու խայթոցի շուրջ մաշկի ջերմության բարձրացումը։ Դրանք կարող են աստիճանաբար տարածվել և 2–3 օրվա ընթացքում հասնել 10 սմ կամ ավելի տրամագծի։

Եթե մարդու մոտ առաջացել է մեծ տեղային ռեակցիա, հետագայում խայթոցի նկատմամբ համակարգային ալերգիկ ռեակցիայի զարգացման հավանականությունը կազմում է մոտ 5–10%։

Ծանր ալերգիկ ռեակցիա, անաֆիլաքսիա. ախտանշանները և ի՞նչ անել

Անաֆիլաքսիան կյանքին սպառնացող ծանր ալերգիկ ռեակցիա է: Ախտանշանները սովորաբար զարգանում են հանկարծակի՝ ներառելով․

  • եղնջացան,
  • դեմքի կամ բերանի այտուց,
  • մարմնի այտուց,
  • սուլոցով շնչառություն,
  • արագ և մակերեսային շնչառություն, դժվարաշնչություն,
  • սրտի ռիթմի արագացում,
  • սառը, կպչուն մաշկ,
  • անհանգստություն կամ շփոթվածություն,
  • գլխապտույտ,
  • փսխում,
  • լուծ,
  • շրթունքների կապտություն կամ գունատություն,
  • կլման հետ կապված դժվարություններ,
  • կրծքավանդակում սեղմվածության զգացում,
  • ուշագնացություն, գիտակցության կորուստ։

Եթե մարդն ունի այս ախտանշաններից որևէ մեկը՝

  1. Ստուգեք՝ արդյո՞ք նա իր մոտ ունի էպինեֆրինի (ադրենալինի) ինքնաներարկիչ։ Եթե ունի, հետևեք սարքի վրա նշված ցուցումներին և օգտագործեք այն։
  2. Անմիջապես զանգահարեք շտապ բժշկական օգնություն։
  3. Օգնեք մարդուն նստած դիրքից պառկել։ Եթե նա փսխել է, շրջեք նրան կողքի վրա։
  4. Մնացեք նրա կողքին մինչև շտապօգնության ժամանումը։

Որոշ մարդկանց կարող է անհրաժեշտ լինել էպինեֆրինի մեկից ավելի ներարկում։ Եթե ախտանշանները 5–15 րոպեի ընթացքում չեն բարելավվում կամ կրկին ի հայտ են գալիս, և անձն ունի երկրորդ ինքնաներարկիչ, անհրաժեշտ է օգտագործել այն։

Ի՞նչն է առաջացնում ալերգիկ ռեակցիան

Երբ մեղուն խայթում է, նրա սուր, ատամնավոր խայթիչը մնում է մաշկի մեջ։ Խայթիչը թույն է արտազատում։

Մեղվի թույնը պարունակում է սպիտակուցներ, որոնք ազդում են մաշկի բջիջների և իմունային համակարգի վրա՝ խայթոցի տեղում առաջացնելով ցավ և այտուց նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր ալերգիկ չեն թույնի նկատմամբ։

Մեղվի խայթոցի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ թույնը առաջացնում է իմունային համակարգի ավելի ուժեղ ռեակցիա։ Մարդը կարող է առաջին խայթոցից հետո ալերգիկ ռեակցիա չունենալ, սակայն այն կարող է զարգանալ հաջորդ խայթոցի ժամանակ։

Ալերգիկ մարդկանց մոտ մեղվի խայթոցը ստիպում է իմունային համակարգին արտադրել հակամարմինների մի տեսակ, որը կոչվում է իմունոգլոբուլին E (IgE)։ Սովորաբար IgE-ն օգնում է օրգանիզմին պաշտպանվել վտանգավոր նյութերից, օրինակ՝ վիրուսներից և մակաբույծներից։

Սակայն խայթոցի դեպքում օրգանիզմը կարող է արտադրել IgE, որն այնուհետև առաջացնում է ոչ պատշաճ իմունային պատասխաններ։ Դրա հետևանքով հաջորդ խայթոցի ժամանակ կարող են առաջանալ եղնջացան, այտուց և շնչառական խնդիրներ։

Մեղվի խայթոցի նկատմամբ ռեակցիայի բուժումը

Բուժումը կախված է ալերգիկ ռեակցիայի ծանրությունից։

Թեթև և միջին ծանրության ռեակցիայի բուժում

Մեղվի խայթոցից հետո անհրաժեշտ է հնարավորինս արագ հեռացնել խայթիչը՝ զգուշանալով, որ թույնի պարկիկը չսեղմվի։ Խայթիչի հեռացումը սահմանափակում է արյան մեջ արտազատվող թույնի քանակը։

Քորը և բորբոքումը նվազեցնելու համար կարելի է օգտագործել սառը թրջոց, քսել ստերոիդային քսուքներ և ընդունել հակահիստամինային դեղամիջոցներ։

Ախտանշանները սովորաբար պետք է աստիճանաբար նվազեն մի քանի օրվա ընթացքում։

Մեծ տեղային ռեակցիայի դեպքում կարող է անհրաժեշտ լինել կորտիկոստերոիդների կիրառում։

Ծանր ռեակցիայի բուժում

Ծանր, համակարգային ռեակցիայի դեպքում անհրաժեշտ է էպինեֆրինի շտապ ներարկում, որը կօգնի նվազեցնել ալերգիկ ռեակցիայի ծանրությունը։ Բժիշկները կարող են նաև թթվածին և ներերակային հեղուկներ տրամադրել։

Եթե մարդն ունի էպինեֆրինի ինքնաներարկիչ, այն պետք է օգտագործել անմիջապես։ Էպինեֆրինը ժամանակավորապես վերացնում կամ նվազեցնում է ծանր ալերգիկ ռեակցիայի ախտանշանները։ Ծանր ալերգիա ունեցող մարդը պետք է մշտապես իր մոտ ունենա ադրենալինի ինքնաներարկիչ։

Անաֆիլաքսիայի մեկ կամ մի քանի ախտանշան ունեցող անձին պետք է հնարավորինս արագ շտապ օգնություն հասնի, նույնիսկ եթե նրան մինչ բուժօգնությունը էպինեֆրին է ներարկվել։

Շտապօգնության ժամանմանը սպասելիս մարդը պետք է պառկի մեջքի վրա՝ ոտքերը բարձրացրած։ Դա կարող է օգնել նվազեցնել թուլությունն ու գլխապտույտը՝ ապահովելով արյան հոսքը դեպի սիրտ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է ու չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment