Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, էլ. ցանցերի ղեկավարների, դեպարտամենտների պետերի, կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց 2026թ.-ի ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները.
ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն է 44,8 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է հիմնովին վերակառուցել՝
շուրջ 500կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման օդային գծեր
շուրջ 90կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման մալուխային գծեր
փոխարինել բաշխման ցանցում 17,000 էլեկտրոնային հաշվիչներ
էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացնել շուրջ 45,000 գործող բաժանորդ
թվով 30,000 նոր սպառողների սպառման համակարգը միացնել բաշխման ցանցին
վերանորոգել հանրապետության բնակավայրերում մոտ 600 բազմաբնակարանային շենքերի ներքին բաշխման ցանցը (շքամուտքերում իրականացնել ցանցերի նորացում):
Ընկերությունը նախատեսվող ներդրումների զգալի ծավալը՝ շուրջ 11 մլրդ. ՀՀ դրամ գումարի չափով, նախատեսում է ուղղել հոսանքազրկումների հաճախականության և տևողության կրճատմանը միտված աշխատանքների ֆինանսավորմանը, էլեկտրաէներգիայի լարման շեղման հաճախականության նվազեցմանը և առաջնահերթ այլ խնդիրների լուծմանը:
Նախատեսվող աշխատանքների արդյունքում զգալիորեն կնվազեն ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը։
Ընդհանուր առմամբ ծախսերի հարաբերակցությունը Երևանում կազմելու է բյուջեի 30%-ը, իսկ մարզերում` 70%:
Ժամանակավոր կառավարչի կողմից առանձնահատուկ կարևորվեց մասնաճյուղերի և էլ. ցանցերի ղեկավարների փոխգործակցությունը տեղերում՝ մրցութային գործընթացով հաղթող ճանաչված կապալառու ընկերությունների հետ, առավել վերահսկելի և սահմանված ժամկետներում ՀՀ ողջ տարածքում նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու համար:
Վթարավերականգնողական և ընթացիկ սպասարկման աշխատանքներն առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնելու համար Ընկերությունում մեկնարկել է ավտոպարկի արդիականացմանն ուղղված մասշտաբային գործընթաց: Նախատեսվում է ձեռք բերել շուրջ 4 տասնյակ նոր մարդաբեռնատար հերթապահ մեքենաներ, էլեկտրոմոբիլներ, ավտոաշտարակներ և ավտոլաբորատորիաներ.
վերջիններս նախատեսված են սպասարկելու բրիգադներին՝ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելիս:
Անդրադարձ կատարվեց նաև ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորուստների ծավալի նվազեցման առաջնահերթությանը և դրանով պայմանավորված՝ 2026թ.-ի համար սահմանված առաջադրանքին:
Ելնելով առկա տեղեկատվության համադրումից և բաշխման ցանցի տեխնիկական վիճակից՝ Ժամանակավոր կառավարչի կողմից ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորստի առաջադրանքը 2026թ.-ի համար սահմանվել է առավելագույնը 6,40%, ինչը 0,12%-ով ավելի ցածր է 2025թ.-ի ընթացքում արձանագրված փաստացի ցուցանիշից:
Հանդիպման ավարտին Ժամանակավոր կառավարիչը տվեց հստակ հանձնարարականներ՝ ուղղված մասնաճյուղերում և ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների որակին, դրանց ժամկետների պահպանմանը և արդյունավետության բարձրացմանը՝ ընդգծելով ներդրումային ծրագրի պատշաճ իրականացման, վերահսկողության ուժեղացման և կապալառու կազմակերպությունների հետ բնականոն համագործակցություն ապահովելու անհրաժեշտությունը։
ՀԷՑ ՓԲԸ
Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: