Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» (ՀԱԿԵ) նախագծի շնորհանդեսին։
Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով ներկաներին նաև Երևանի 2808-րդ տարեդարձի առիթով. «Իհարկե, այդ առիթը նշանավորվում է այս նախագծի գործնական մեկնարկով՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքի: Մենք այսօր փաստացի Երևանի պատմության ամենաբարձր շենքի մասին ենք խոսում և նրա ստեղծման մեկնարկն ենք տալիս: Այս առումով սա Երևանի, նույնիսկ 2808-ամյա պատմության մեջ, շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է»:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ճարտարապետական այս նախագծի իրականացման արդյունքում նախատեսվող շենքը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը: «Նման շենքերը, կառույցները, նախագծերը չեն իրականացվում 1-5 տասնամյակի համար: Սրանք նախագծեր են, որոնք ի սկզբանե ենթադրում են ունենալ 100-ամյակների պատմություն։ Սա շատ կարևոր սիմվոլ է և այն առումով, որ մենք պետք է, նաև պատմության առանձնահատկությունները հաշվի առնելով, մեր առաջ մեծ ու երկար տեսադաշտեր բացենք», -ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական և պետական գաղափարախոսությունը և գաղափարաբանությունը նրա մեջ է, որ պլանավորումը պետք է ունենա հարյուրամյա հեռանկար, և այս բանաձևի վրա է հիմնված Հայաստանի հարատև պետության գաղափարը և գաղափարախոսությունը։
Երկրի ղեկավարի կարծիքով՝ հարյուրամյա հեռանկար ունեցող ներդրումային նման նախագծերը հենց դրա մասին են: «Մենք արդեն այդպիսի նախագծեր ունենք: Ես առիթ ունեցել եմ ասելու, երբ մենք TRIPP նախագիծն էինք պայմանավորվում կամ նրա շրջանակն էինք գծագրում, շատ քննարկումներ կար նրա մասին, թե 50 տարով, հետո ևս 50 տարով, ինչ-որ մեկը ինչ-որ փայաբաժին կունենա Հայաստանի Հանրապետությունում: Ես մեր գործընկերներին և հանրության ուշադրությունը հրավիրեցի հետևյալ փաստի վրա, որ մենք այլ տեսակետից պետք է նայենք՝ փաստորեն աշխարհի թիվ մեկ գերտերությունը Հայաստանի Հանրապետության հետ 90 և ավելի տարիների պայմանավորվածություն է ձեռք բերում: Հազարամյա պատմության ընթացքում երբեք մեր առջև 90 տարվա հեռանկար չենք ունեցել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է նաև՝ Համաշխարհային առևտրի կենտրոնը համաշխարհային բրենդ է, որն, այսպիսով, ներկայանում է Հայաստանում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Երևանի 2808-րդ տարեդարձի, ինչպես նաև նախագծի մեկնարկի առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինձ համար սա պատմություն է այն մասին, որ Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլ առջևում ունի 2808 տարի, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀԱԿԵ-ի՝ որպես միջազգային նշանակության բազմաֆունկցիոնալ նախագծի, տեսլականն ու զարգացման հայեցակարգը։ Աշխարհահռչակ «Ֆոսթր + Փարթներս» ճարտարապետական ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իր հեղինակած շինության նախագծման վերաբերյալ մանրամասներ։ Սարյան 22 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրը մեկտեղելու է առևտրային և գրասենյակային տարածքներ, հյուրանոց, կանաչապատ այգիներ, ժամանցի վայրեր, բրենդային խանութներ, ինչպես նաև ցուցահանդեսների և միջոցառումների անցկացման համար նախատեսված ժամանակակից ենթակառուցվածքներ։ Ընդգծվել է, որ մեկնարկել և հաջողությամբ ընթանում են Սարյան 22 հասցեում գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։
Միջոցառման շրջանակում ստորագրվել է կառավարման պայմանագիր «Հայաթ Հոթելս Քորփորեյշն»-ի հետ։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման պետական գործակալության (UK Export Finance) հետ՝ ՀԱԿԵ-ի նախագծի մասնակի ֆինանսավորման նպատակով։
ՀՀ Կառավարության 2023 թ. որոշմամբ հավանության է արժանացել Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC)) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը։ WTC Երևանի բաժնետերեր են Հայաստանի Հանրապետությունը (19%), «Ռենշին» ՍՊԸ-ն (56%) և «Հայփոստ» ՓԲԸ-ն (25%): Այն պետություն-մասնավոր համագործակցության խոշորագույն նախագիծ է Հայաստանում. ընդհանուր ներդրումը 470 միլիոն դոլար է։ ՀԱԿԵ-ը կապուղի է հայաստանյան բիզնեսի և միջազգային ընկերությունների միջև։ Այն նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանային բիզնես հանգույց և նպաստել միջազգային առևտրային կապերի զարգացմանը՝ «Համաշխարհային առևտրի կենտրոններ» ասոցիացիայի ցանցի միջոցով։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: