«Ժամանակակից դետեկտիվ գրականությունը զգալիորեն մոտեցել է իրական կյանքի ռիթմին ու բարդությանը»

«Վաղվանից հատվածաբար ձեր դատին կհանձնեմ իմ նոր՝ «Դավադրության գինը» քրեա-հոգեբանական վեպը։ Հուսով եմ՝ այն կհետաքրքրի ձեզ, կստիպի մտածել, հուզվել ու ապրել հերոսների հետ։ Վերադառնում եմ նոր ուժով, նոր գաղափարներով և նույն անկեղծությամբ շարունակելու այն ճանապարհը, որը միասին ենք անցնում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր բանաստեղծուհի, արձակագիր Ալվարդ Սամսոնյանը։ Ամեն օր այդ հարթակով ներկայացվում է դետեկտիվ վեպի գլուխներից մեկը, ամեն օր ՖԲ նրա ընկեր-օգտատերերը հնարավորություն ունեն կարդալու, «մասնակցելու» «դեպքի» վայրում կատարվող իրադարձություններին։

Այսպես, գործող անձը գործարար Արման Մանուկյանն է, նա նոր է վերադարձել գործուղումից. «Նույն օրը նա ընկերության նիստերի դահլիճ էր հրավիրել գործընկերներին և ղեկավար աշխատակիցներին՝ ներկայացնելու գործուղման արդյունքները, խոսելու նոր ծրագրերի մասին և առաջիկա հանձնարարականներ տալու։ Սովորաբար զուսպ ու խիստ Արմանն այդ օրը բոլորովին այլ էր։ Նրա դեմքին հազվադեպ երևացող ժպիտ կար, իսկ խոսքում՝ վստահություն ու ոգևորություն։ Այդ օրը նաև նրա ծննդյան օրն էր։ Արմանը նշում էր իր հիսունամյակը։ Ի զարմանս շատերի՝ հրավիրել էր միայն ամենամտերիմներին, տարիների գործընկերներին և ընտանիքի անդամներին։ Սակայն բոլորի ուշադրությունը գրավել էր հրավիրատոմսի վերջին նախադասությունը. «Այդ օրը ձեր կյանքում ամեն ինչ փոխվելու է»։ Ծննդյան օրը ժամեր անց առանձնատան գրադարանում գտնում են Արման Մանուկյանի դին. իրականում ի՞նչ էր տեղի ունեցել այստեղ։

Եվ միայն հիմա հրավիրատոմսի վերջին նախադասությունը բացահայտվեց իր ողջ սարսափեցնող իմաստով. «Այդ օրը ձեր կյանքում ամեն ինչ փոխվելու է»։

Այժմ դրանք այլևս խոստում չէին թվում, այլ՝ նախազգուշացում»։ Սամսոնյանը լարված է պահում ընթերցողին, որոնք գրում են. «Անհամբեր սպասում ենք շարունակությանը»։

Արձագանքներից մեկում ընթերցողը գրել էր. «Դետեկտիվի ժանրը աշխատեց. ողջունում եմ»։

Ալվարդ Սամսոնյանին կարդալով՝ ակամայից հիշեցի արձակագիր, հրապարակախոս Մելանյա Պետրոսյանցին, ով իր դետեկտիվ պատմությունների սկիզբը դրեց սոցիալական ցանցերում, ապա և հանդես եկավ «Մեր ժամանակները» անդրանիկ դետեկտիվ վեպով («Առավոտ» օրաթերթ, 17.10.2024)։ Սամսոնյանը, ինչպես Մելանյայի դեպքում էր, «քթիցդ բռնած» տանում է քեզ իր հետևից,  պահում լարված, «նախապատրաստում» հաջորդ արագընթաց զարգացումներին…

Ինչու են, այնուհանդերձ, վերջին ժամանակներում մարդիկ ձգտում կարդալու դետեկտիվ, հետաքննական ժանրի ստեղծագործություններ, հրապարակումներ։ Դիմեցի մասնավոր դետեկտիվ,  Հայաստանի միակ մասնավոր դետեկտիվ ընկերության հիմնադիր Հայկ Գաբրիելյանին,  ով նույնպես իմ առաջարկով կարդում է այս պահին Սամսոնյան արձակագրին։ «Դետեկտիվի ժանրն այսօր այլևս միայն փակ սենյակում կատարված սպանություններն ու ծխամորճով դետեկտիվի դասական կերպարը չէ։ Որպես մարդ, ով ամեն օր բախվում է իրական հետաքննությունների, հանցագործությունների ու մարդկային հոգեբանության մութ կողմերին, կարող եմ վստահորեն ասել, որ ժամանակակից դետեկտիվ գրականությունը զգալիորեն մոտեցել է իրական կյանքի ռիթմին ու բարդությանը։

Իմ անձնական և մասնագիտական փորձից ելնելով՝ True Crime (իրական դեպքերի վրա հիմնված) դետեկտիվ պատմություններն անհամեմատ ավելի հետաքրքիր, ցնցող ու ազդեցիկ են, քան նույնիսկ ամենավառ երևակայությամբ հորինվածները։ Կյանքը հաճախ հյուսում է այնպիսի սյուժեներ, որոնք ոչ մի գրող չէր կարող հնարել։ Երբ ընթերցողը գիտակցում է, որ նկարագրված իրադարձությունները, մարդկային դրամաներն ու հանցագործության մոտիվներն իրականում տեղի են ունեցել, պատմությունը ստանում է ամբողջովին այլ խորություն և լարվածություն։

Ընդհանուր գրական դաշտում այսօր առանձնանում են մի քանի առանցքային միտումներ. Տեխնոլոգիաների և թվային հետքերի գերակայություն։ Եթե նախկինում դետեկտիվը փնտրում էր մատնահետքեր կամ ծխախոտի մնացորդ, ապա այսօրվա հերոսները (ինչպես և մենք՝ իրական կյանքում) վերլուծում են կիբեռհանցագործություններ, GPS տվյալներ, սոցիալական ցանցերի հետքեր և արհեստական բանականության թողած «թվային հետքը»։

Հոգեբանական թրիլերներ։ Շեշտը տեղափոխվել է «Ո՞վ է արել» (Who done it) հարցից դեպի «Ինչո՞ւ է արել» (Why done it)։ Ընթերցողին ավելի շատ հետաքրքրում է հերոսների ներաշխարհը, տրավմաներն ու հոգեկան շեղումները։

«Կենցաղային նուար» (Domestic Noir)։ Հանցագործությունները տեղի են ունենում ոչ թե մութ նկուղներում կամ մաֆիոզ կլաններում, այլ սովորական ընտանիքների փակ դռների ետևում։ Սկանդինավյան նուարի (Nordic Noir) ազդեցությունը։ Սառը, մռայլ մթնոլորտը, սոցիալական խնդիրների խորը վերլուծությունը և կատարյալ չհանդիսացող, խոցելի դետեկտիվների կերպարները շարունակում են թելադրել համաշխարհային միտումները։

Խոսելով դետեկտիվ գրականության համաշխարհային միտումների մասին՝ չենք կարող չանդրադառնալ նաև մեր ազգային ժառանգությանը։ Հայ գրականության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրավամբ «Հայկական Ագաթա Քրիստի» տիտղոսին արժանացած Մելանյա Պետրոսյանցը։ Նրա ստեղծագործություններն ինձ համար՝ որպես մասնավոր դետեկտիվի, կրկնակի արժեքավոր են, քանի որ դրանք սերտորեն կապված են հայկական իրականության, կենցաղի ու հոգեբանության հետ և հաճախ կրում են  իրական փաստերի ու դեպքերի ազդեցությունը։  Պետրոսյանցը կարողացել է մեր առօրյան վերածել լարված, բարձրարժեք դետեկտիվ սյուժեների, որտեղ մարդկային ճակատագրերն ու դրամաները շատ ավելի ցնցող են, քան որևէ հորինվածք։ Ժամանակակից դետեկտիվ գրականությունը դարձել է ավելի արագ ընթացող, հոգեբանորեն ճնշող և իրականությանը մոտ։ Սակայն իմ ընտրությունը միշտ մնում է այն պատմությունների կողմը, որտեղ գրողի փետուրը (ինչպես Մելանյա Պետրոսյանցի պարագայում) առաջնորդվել է իրական կյանքի դեպքերով ու փաստերով, քանի որ իրականությունն ունի մի անկանխատեսելիություն, որը ոչ մի հորինվածք չի կարող կրկնօրինակել»։

Արձագանքներն ավելի քան խոսուն են. «Մանրակրկիտ նկարագրություններն ավելի հյութալի են դարձնում գրածը, ավելի տպավորիչ, յուրաքանչյուր մանրուք հաշվի ես առնում։ Պրոֆեսիոնալ քննիչ ես», «Շատ հետաքրքիր է, սիրում եմ դետեկտիվ պատմություններ», «Սպասենք … անչափ հետաքրքիր կերպարներ են ներկայանում. նույնիսկ Ագաթա Քրիստին կնախանձեր», «Ալվարդ ջան, ես շատ եմ սիրում դետեկտիվ, կրիմինալ աշխարհը, և այդ աշխարհի հետ բախված մարդկանց կյանքը ինձ շատ է հետաքրքրում, սիրով կսպասեմ շարունակությանը», «Եթե նկարահանվի, հետաքրքիր ֆիլմ կդառնա», «Լարված ու սպասման պահեր են»…

Չեմ բացառում, որ Սամսոնյանի այս շարքը նույնպես դառնա գիրք, առայժմ միայն վայելում ենք։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment