Նույն անձը չի ցնցվո՞ւմ ու վեր չի թռչո՞ւմ, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք․ Ալիսա Գևորգյան

Լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Դավիթ Գևորգյանի մոր՝ Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմի օրերին մի քանի օր հորը դիահերձարաններում փնտրած ու ողջ-առողջ գտած ՔՊ-ական պատգամավորուհին ԱԺ ամբիոնում հուզվում է, ասում, որ ցնցվել է, վեր է թռել Վարդևանյանի խոսքից՝ հիշելով իր տառապանքները: Հասկանում եմ, հարազատիդ դիահերձարանում փնտրելու միտքն անգամ խելագարեցնող է, հիշողությունը՝ չջնջվող: Բայց, լսելով ելույթը՝ հարց է առաջանում. նույն անձը չի՞ ցնցվում ու վեր չի՞ թռչում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք, երբ Եռաբլուրում քաշքշում ու ասֆալտին են փռում դիահերձարաններում ման եկած ու որդիների միայն մասունքները գտած ծնողներին, երբ պարկերի մեջ հատակին գցած տղաների մարմինները քայքայվում են դիահերձարաններում…

Բարոյական ապտակ հասցնելով ընդդիմադիր պատգամավորին, Թագուհի Ղազարյանը լալահառաչ ամփոփում է՝ ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել այն մարդկանց վիրավորանքը, որոնց ընտանիքի անդամները չեն վերադարձել պատերազմից: Ասում է՝ էդ ապրումները ունեցած պիտի լինես՝ մարդկանց հանդեպ այդ զգայունությունը ունենալու համար:

Կրկին՝ հարց ՔՊ-ական պատգամավորուհուն. այդ «զգայունությունը» դրսևորվո՞ւմ է, օրինակ, երբ ծնողների աչքի առաջ պատերից ջնջում են զոհված տղաների նկարները, վերացնում փառքի անկյունները, արժեզրկում այն ամենն, ինչի համար նրանք զոհվել են, ասում, որ զոհվել են հանուն ոչնչի, թե՞ «զգայունությունը» միայն սեփական անձի ու յուրայինների նեղ շրջանակի համար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment