«Դատավորը՝ Հակոբ Մանուկյանը, ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվեց այս գործը քննել»,- Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։
Նա պարզաբանեց՝ ըստ էության դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, և արտոնագիրն Արա Զոհրաբյանն է հանձնել, այդ հիմքով դատավորը բացարկ հայտնեց։ Այս առիթով փաստաբանն ասաց․ «Դա բացարկի հիմք չէր։ Դատավորը, հաշվի առնելով, որ կարող է կասկած առաջացնել այդ փաստը, բացարկ հայտնեց։ Դատավորի այս քայլը ողջունում եմ, որովհետև ըստ էության՝ նա հրաժարվեց մասնակցություն ունենալ այս ամոթալի գործընթացին՝ չնայած իրավական առումով կարող էր բացարկ չհայտնել, քանի որ բազմաթիվ փաստաբաններ, որոնք ստացել են արտոնագիր իմ կողմից, իրենց չի խանգարում, որ իրենց ծառայողական լիազորությունները կատարեն։ Միայն այն փաստը, որ դատավորը դատելու է Կաթողիկոսին, արդեն կաշկանդող հանգամանք է»։
Արա Զոհրաբյանը նշեց, որ դատախազության ներկայացուցիչները ևս մասնակցել են դատական նիստին։ Իսկ տուժող Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից։
Նաև հայտնեց, որ այս գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի, նորից նիստ կհրավիրվի։ Եթե այդ դատավորն էլ ինքնաբացարկի հիմքեր չունենա, այս գործը քննելու է նոր դատավորը։
Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: