Արցախի ներկայացուցիչները ողջունում են ընդդիմության նախաձեռնությունը և ափոսում, որ չեն ներգրավվել

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման նախաձեռնությունը և ափսոսում, որ չեն ներգրավվել քննարկմանն ու ձևավորմաննը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը:

Նրանք ողջունել են այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։

«Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում, քաղաքական պատասխանատվություն և միասնական օրակարգի շուրջ կառուցողական համագործակցություն։ Համոզված ենք, որ ազգային ինքնության, պետականության, անվտանգության, արժանապատվության և իրավունքների պաշտպանության հարցերը չեն կարող ունենալ մասնակի կամ տարանջատված լուծումներ։

Միևնույն ժամանակ, ափսոսանք ենք հայտնում, որ այս կարևոր նախաձեռնության քննարկմանն ու ձևավորմանը ներգրավված չեն եղել Արցախի իշխանությունները։ Մինչդեռ Արցախի հարցը, արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանված ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի ազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչներն են և չեն կարող դուրս մնալ համազգային նշանակության որևէ գործընթացից»,-ասվում է գրառման մեջ:

Իսկանդարյանը նշել է, որ համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։

Նա հավելել է, որ Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ․ այն հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է։

«Հույս ունենք, որ հետագա գործընթացներում այս բացը կշտկվի, և Արցախի Հանրապետության իշխանությունները ևս հնարավորություն կունենան իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու համազգային առաջնահերթությունների շուրջ ձևավորվող համագործակցությանը»,-գրե է Իսկանդարյանը:

Նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ընդունվել է համատեղ հայտարարություն՝ համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», «ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։

Leave a comment