«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է (PAN.am)

ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի Շերամի 13/3 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը՝ արձանագրված խախտումների պատճառով։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում՝ Երևան, Շերամի 13/3 հասցեում։ Ստուգմամբ արձանագրվել է, որ այնտեղ չեն պահպանվել օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը։

Մասնավորապես՝ արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակման և արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկների թափվելու հնարավորությունը։ Միաժամանակ չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պատշաճ պայմանները։

Արտադրամասի շենքում և ջեռոցի վերևի հատվածում տեղադրված օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ ու բաց վիճակում, ինչի հետևանքով սննդամթերքի աղտոտման վտանգը չի կանխվել։

Արտադրամասի պատերի որոշ հատվածներ վնասված են եղել, իսկ դրանց մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Առաստաղի մի մասը ևս անվտանգ վիճակում չի եղել, ինչի պատճառով չեն բացառվել կեղտի կուտակումն ու առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

Սննդամթերքի հետ շփվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները վնասված են եղել ու պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։ Սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող բեռնարկղերը ևս պատրաստված չեն եղել հիգիենիկ պահանջները բավարարող նյութերից և չեն պահպանվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տնտեսվարողին ժամկետ է սահմանվել։

Leave a comment