Ժառանգները չեն ընդունել Ծառուկյանի հոր ժառանգությունը

Քաղաքականություն
Հասարակություն

Ժառանգները չեն ընդունել Ծառուկյանի հոր ժառանգությունը

 Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը որոշել է վերսկսել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործի վարույթը։

Հիշեցնենք, որ դատարանը վարույթը կասեցրել էր, քանի որ Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլիկ (Կոլյա ) Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցը լուծում չէր ստացել։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը, մահացել էր։

Գագիկ Ծառուկյանը եւ 11 այլ անձինք ՝ այդ թվում ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, կինը, տղաները անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, եւ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին որոշել էր Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնել մինչեւ պատասխանող Կոլիկ (Կոլյա ) Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցի լուծումը։ Սակայն հայցվորը՝ տվյալ դեպքում դատախազությունը, պարզել է, որ ժառանգության ընդունման եւ գույքերի վերագրանցման ուղղությամբ գործողություններ չեն իրականացվել։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2026 թվականի հունիսի 1-ին հարցումներ են ուղարկվել ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ կադաստրի կոմիտե եւ ՀՀ արդարադատության նախարարություն, ինչին ի պատասխան նշված պետական մարմիններից ստացված պատասխաններում նշվել է, որ Ռոզա Ծառուկյանի անվամբ հաշվառումից հետո այլ գրանցումներ չեն իրականացվել։ Բացի դրանից, ՀՀ նոտարական պալատի ժառանգական գործերի էլեկտրոնային շտեմարանում 07․07․2026 թվականի դրությամբ առկա չէ Կոլիկ Վանուշի Ծառուկյանի ժառանգական գործի վերաբերյալ որեւէ տեղեկություն։

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ սույն գործը գույքի դեմ ուղղված «in rem» վարույթ է, գտնում է, որ պատասխանող Կոլիկ Վանուշի Ծառուկյանի ժառանգների կողմից ժառանգությունը վեցամսյա ժամկետում ընդունած լինելու մասին տեղեկությունների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ թիվ ՀԿԴ/0241/02/25 քաղաքացիական գործը վերսկսելու համար»,- նշված է միջնորդության մեջ։

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը որոշել է նախնական դատական նիստ նշանակել օգոստոսի 27-ին՝ ժամը 10։00-ին։

Leave a comment