Երևանում 29-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած դանակահարության կասկածյալը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում (ՎԻԴԵՈ)

29-ամյա երիտասարդը տեղափոխվել էր  հիվանդանոց, որտեղ նա  նոյեմբերի 8-ին մահացել է. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 29-ամյա երիտասարդի դանակահարության մեջ կասկածվող անձին, փոխանցում է ոստիկանությունը։


ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նախօրեին՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։ Շտապօգնության խումբը կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով 29-ամյա երիտասարդին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է նոյեմբերի 8-ին։


Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։


Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է հանցագործության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձը։


Ըստ ոստիկանության՝ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Նախնական տեղեկություններով՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և նախկինում երբևէ չեն հանդիպել։


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։




Leave a comment