Ընտրական իրավունքը սահմանանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ դիմողներից շատերը նախկին պատգամավոր են
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների սահմանափակումների հարցով նախորդ գումարման խորհրդարանի 26 պատգամավորներ հուլիսի 27-ին վերջին դիմել են Սահմանադրական դատարան՝ «ՀՀ ընտրական օրենսգրքի» 2-րդ հոդվածի եւ «Հանրաքվեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Դիմումը ՍԴ ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։ (8-րդ գումարման խորհրդարանում խմբակցությունն ուներ 28, իսկ հիմա 12 մանդատ-Խմբ․):
ՍԴ աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանն «Ա1+»-ին հայտնեց, որ ՍԴ աշխատակարգի համապատասխան կարգավորման համաձայն՝ դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի այն մուտքագրելուց հետո ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում։Դրանից հետո նոր հայտնի կլինի, թե այն երբ քննության կառնվի։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հուլիսի 23-ին է ստորագրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը։
Չնայած քննադատություններին՝ Ազգային ժողովն այդ փաթեթն ընդունել էր հունիսի 7-ի ընտրություններից հետո՝ հուլիսի 3-ին։ Նախագծի հեղինակներն էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
Ըստ այդմ՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը) ապրել են Հայաստանում, ընդ որում՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է երկիր ժամանի ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ)։ Ի դեպ, արտերկրում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները եւ ՀՀ անունից ծառայողական պարտականություններ կատարողների նկատմամբ այս փոփոխությունը չի տարածվում։