«Չեմ պատկերացնում արբիտրաժը այսպես մուրճը խփի, ասի՝ համարեք, որ «Տաշիր Կապիտալը» ջախջախվեց»․ Դավիթ Ղազինյան

«ՀԷՑ տնօրենների խորհրդի աշխատավարձը վճարում է Սամվել Կարապետյանը, որևէ ձևով սակագնի մեջ չի մտնում դա: Դա նույն բանն է, որ կանխիկ տա այդ մարդուն: Այսինքն՝ այստեղ ևս մանիպուլյացիա է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով օրերս ՀԷՑ-ում կառավարության կողմից նշանակված կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի արած այն հայտարարությանը, որ ընկերության տնօրենների խորհրդի աշխատավարձի ֆոնդը 260 միլիոն դրամ է եղել։

Դավիթ Ղազինյանը հիշեցնում է՝ երկար ժամանակ պնդում էր արվում, որ ընկերության վերցրած վարկերի տոկոսները Սամվել Կարապետյանն իր եկամտից է վճարել․ լռում էին, մինչև մի օր հաստատեցին։

«ՀԷՑ-ի, օրինակ, իմ աշխատավարձը որպես գլխավոր տնօրեն, կամ այսօր ինչ որ ստանում է այդ կառավարիչը, այո՛, դա սակագնի մեջ է: Այն գումարը, որ մենք վճարում ենք, այդ սակագնի մեջ մտած է: Տնօրենների խորհրդի աշխատավարձը մտած չի սակագնի մեջ, նկատի ունեմ՝ բեռ չի հանդիսանում մեր բոլորի հոսանքի վարձի վրա: Եթե չեմ սխալվում, 5 միլիո՞ն է: Ես եղել եմ իրացման տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ: Հունիսի 23-ից, եթե չեմ սխալվում, մեկ ամսով եղել եմ ժամանակավոր պաշտոնակատար: Ես այդ աշխատավարձը չեմ ստացել: Կառավարիչը ստանում է ստաբիլ… հարցերին թող պատասխանի»:

Հումորով հարցին՝ Լիպարիտ Դրմեյանին դո՞ւք էիք գործուղել կառավարություն, Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «Ստացվում է, որ իշխանության համար ով որ արտահայտել է օրինական կարծիք, որը հակասում է կառավարության ղեկավարի կարծիքին, համարվում է «տրոյական ձի»:

Եվ երկրորդը՝ այստեղ շատ լուրջ պրոբլեմ կա, ժողովուրդ: Այսինքն՝ կա անձ Հայաստանի Հանրապետությունում, որը պաշտոնապես բոլորի աչքի առաջ հայտարարում է, որ ինքը օրենքից վեր է:

Մարդն ասում է՝ ես օրինական օրենսդրական կարգավորումներին հղում անելով տվել եմ հանձնաժողովի նախագահի դիմումին ի պատասխան կարծիք: Հանձնաժողովի նախագահը գրել է (վերջին հաշվով խելոք բան է արել իր վրա չմնալու համար) կառավարությանը՝ ասում է՝ այս դեպքերում ի՞նչ անեմ: Հիմա ինքը տվել է՝ ինչ պետք է արվի ըստ մեր և այդ համաձայնագրի, որին միացել ենք: Հիմա մարդն ասում է՝ չէ՛, իմ կարծիքին հակառակ է, կապ չունի օրինական լինելը»:

Լիպարիտ Դրմեյանի հետ ինչ-ինչ «պայմանավորվածությունների» մեջ մտնելու մասին հարցին էլ Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «Ես Լիպարիտ Դրմեյանին մեկ անգամ տեսել եմ, եթե չեմ սխալվում, ինչ-որ միջոցառման ժամանակ, դրանից՝ իր դուրս գալուց 1.5-2 ամիս հետո, կյանքում առաջին անգամ: Ազնվորեն համոզված եմ՝ նաև Կարապետյանները: Բայց ինչի՞ համար շուտ ճանաչեինք, կասե՞ք: Այսինքն՝ մենք հիմա ով որ արտահայտում է իրենց կարծիքից տարբերվող օրինական կարծիք, նշանակում է վաճառվա՞ծ է»։ Դե չի լինում այդպես, ժողովուրդ»։

Լրագրողի դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ հիմա Լիպարիտ Դրմեյանին որ ազատել ենք, միջազգային ատյաններում ամեն ինչ նորմալ է, Դավիթ Ղազինյանը հակադարձեց․ «Դուք մի հատ թուղթ ուզեք… հերիք չէ՞ ասում է՝ ջախջախվել են: Ես էլ ասում եմ՝ ջախջախել ենք: Հիմա ինձ կհարցնեք չէ՞՝ ինչի՞ հիման վրա եք ասում՝ ջախջախել ենք: Ասեք՝ լավ, թուղթն ո՞ւր է, որ ջախջախվել է: Չեմ պատկերացնում արբիտրաժը այսպես մուրճը խփի, ասի՝ համարեք, որ «Տաշիր Կապիտալը» ջախջախվեց: Չի լինում այդպիսի բան: Որոշում է լինում: Ո՞ւր է այդ որոշումը, բերեք խոսքից գործի անցնենք»:

Մեկ այլ դիտարկման՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում է՝ «լևի» լույս եք տվել, հարուստները երբեք գումար չեն վճարել, «Տաշիր Գրուպի» դաչաներում լույսը «լևի» է եղել, Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «Եթե չեմ սխալվում, պատգամավորներից մեկը հայտարարեց, որ տասնյակ մարդիկ Գյումրիի հետ կապված… Ասում եմ՝ ապացույցը մինչև այսօր չկա: Նորից կրկնում եմ, ժողովուրդ ջան, բերեք մի քիչ մշակույթ փոխենք, այդ խոսքի հետ, թախանձագին խնդրում եմ ձեզ… Թող անուն-ազգանուն տան: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում, այո՛, եղել են գողություններ, այո՛, պայքարել ենք, հազարավոր, կարող եմ ասել, ակտեր ենք գրել մեծ գումարներով: Բայց ես, որպես իրացման տնօրեն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չի եղել որևէ, ձեր ասած, հարուստ, պաշտոնավոր կամ արտոնյալ մարդ»:

Այդ դեպքում ինչի՞ հաշվին հնարավոր եղան միացումների գները 50 հազարով էժանացնել՝ Դավիթ Ղազինյանը պատասխանեց, որ գինը հանձնաժողովն էր թանկացրել․ «Հիմա նույն հանձնաժողովին մի հատ հարցում ուղարկեք, ասեք՝ հարգելի հանձնաժողով, ինչո՞ւ ես… Բացատրեմ ձեզ. երբ որ ժամանակին այդ նոր միացումները ավելի էժան էին և քիչ էին, մենք ինչ էինք անում. մենք ներդրումը կատարում էինք, տասնյակ տարիների ընթացքում տոկոս էինք ստանում, այսպես ասած՝ հետվերադարձը: Այս շինարարական բումի պատճառով մոտավորապես 15-ից 20 անգամ շատացավ ներդրումների կարիքը:

Մենք ասացինք, որ չունենք այդ գումարը այս պահին, հանձնաժողով, դու որպես պետական մարմին՝ լուծիր հարցը: Հիմա հանձնաժողովը ուներ մի քանի տարբերակ. կամ ընդհանուր ժողովրդի համար սակագինը թանկացներ, կամ ինչ-որ մի բլոկի, օրինակ՝ հանրային սեկտորի համար թանկացներ, կամ էլ նոր միացումները թանկացներ: Ինքը ընտրեց քաղաքական, նախընտրական միջավայրի համար իրենց համար առավել նպաստավոր տարբերակը՝ վերցրեց, թանկացրեց նոր միացումը: Հիմա եկավ դրանից դիվիդենդ քաղելու ժամանակը, ինքն էլ վերցրեց, իջեցրեց: Ընդամենը գիտե՞ք ինչի համար, որովհետև երբ որ մենք 45-ից 50 միլիարդ ներդրումային ծրագիր ունեինք ու անում էինք 90-95%-ը, իրենք կեսը չեն անում. այ այդ գումարն է ավելանում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment