Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագիրը խզելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք որևէ պաշտոնական դիմում չենք ստացել կոնցեսիոն պայմանագիրը խզելու վերաբերյալ, բայց մենք անընդհատ լսում ենք հրապարակային հայտարարություններ այդ մասին»,- ասել է Օվերչուկը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։

Ռուսաստանը, ընդգծել է նա, կողմ է բոլոր հարցերը խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով միջոցով լուծելուն, և լիովին հանգիստ եղանակով։

«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը և շարունակել կոնցեսիան Հայաստանում»,- ասել է Օվերչուկը։

Մասնավորապես, նա նշել է, որ առաջարկներ են արվում որոշակի հատվածների վերաբերյալ, որոնք հայկական երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են կազմում։

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ այս տարվա հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշումներ է կայացրել՝ աջակցելով հայկական երկաթուղու երկու փոքր հատվածների վերակառուցմանը՝ Նախիջևանի հետ սահմանին և Գյումրիում։

«Մենք նաև պատրաստ ենք դրանք վերականգնել։ Իրականում, մենք արդեն բանակցություններ ենք վարել հայերի հետ այս հարցի շուրջ։ Սակայն հետաքրքիր է, որ երբ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց այս երկու շատ կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը մասնակցելու իր պատրաստակամության մասին, որոնք իսկապես կապահովեն հայկական երկաթուղիների կապը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, բառացիորեն հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային զրկում է Հայաստանին երկաթուղիների զարգացման առումով որոշ մրցակցային առավելություններից»,- նշել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ներկայում դժվար է գնահատել, թե ինչպես են հայկական երկաթուղիները կապվելու մնացյալ աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղիների հետ կապի։

«Բայց սա քննարկում է, այն ունի բարձր մասնագիտական, փորձագիտական ​​բնույթ»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment