Aysor.am-ի տեղեկություններով՝ այսօր Բաղրամյան պողոտայում նոտարական գրասենյակի վճարային տերմինալ են կոտրել, գողացել գումարը։
Դեռևս անհայտ անձը կամ անձինք կոտրել են անվտանգության ազդանշանային համակարգը, տեսախցիկները և գողացել Իննա Շահնազարյանի և Ատոմ Հայրապետյանի աշխատասենյակներում տեղադրված վճարային տերմինալների գումարները։
Օրեր առաջ նմանատիպ դեպքեր են արձանագրվել նաև Երևանի այլ նոտարական տարածքներում։
Քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողությունը՝ տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով)։
Կատարվում է նախաքննություն։