«Եվ ինչ, սիրելիներ, հասանք այն հանգրվանին, որ արդեն հայոց գերագույն ատյաններում՝ դատարանում, պիտի քննվի Հայոց Հայրապետի և մյուս եպիսկոպոսների հարցը: Դատարաններ, որոնք ժամանակին մեծ դատի իրավունքով պատկանել են Հայոց Հայրապետին, և այսօր այդ նույն հայրապետների հաջորդին դատարանի առաջ պետք է կանգնեցնեն Սարոյան ուրացողի, Արման ուրացողի բողոքի հիման վրա: Եվ այդքանից հետո էլ ինչ կարմիր գծերի, չգիտեմ այնտեղ բարեվարքության ինչ նորմերի և այլնի մասին են խոսում:
Օրենքով նախատեսված է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին և առհասարակ նրա ինքնավարությանը, բայց տեսնում ենք, որ Հայաստանում օրենքները վերաձևվում են մի անձի քաղաքական քմահաճույքով, և նաև, ինչո՞ւ չէ, իր երևի թե անձնական կյանքից չարացած, Աստծուց երես թեքած մի մարդու քմահաճույքով:
Ցավի, հիասթափության և առհասարակ այս ամեն ինչի մեջ առողջ բանականությունն ու սթափությունը, սառնասրտությունը պահելը շատ դժվար է, որովհետև չեն դատում Հայոց Հայրապետին նրա համար, որ ինքը ինչ-որ օրենք է խախտել, այլ նրա համար, որ ինքը օրենքով սահմանված իր լիազորություններն է իրականացրել թե՛ եկեղեցու կանոնական դաշտից ներս և թե՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու բոլոր օրենքներով: Այսպիսի իրավապահ ու դատական համակարգ ունենք մենք, որ կարող է մի անձի քմահաճույքով մեղադրյալի աթոռին նստեցնել Ամենայն Հայոց Հայրապետին և մեր եկեղեցու բարձրագույն իշխանությանը՝ եպիսկոպոսներին»,- ասում է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:
«Խաչի վրա մեր Տեր Հիսուս Քրիստոս հետևյալ խոսքերն էր ասում իրեն չարչարողներին ու հալածողներին՝ Աստծուն, Հորը դիմելով. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չեն գիտակցում, թե ինչ են անում»: Ես ներողություն եմ խնդրում, բայց ես հակառակը պիտի ասեմ՝ թող Աստված իրենց և իրենց սերունդների պատիժն ու դատաստանն անի, որովհետև իրենք գիտակցում են, թե ինչ են անում: Պատիժն ու Աստծո դատաստանը բոլոր այս պիղծ, սրբապիղծ գործողությունների և որոշումների իրագործողներին ու իրենց սերունդներին:
Իսկ մեր հավատավոր զավակներին պիտի խնդրեմ և հորդորեմ, որ չվախենան, Հայոց Հայրապետի համար աղոթք անեն, մեր եկեղեցու համար աղոթք անեն: Բարձրյալ Աստծուց խնդրեն, որ Աստված իր պահապան հրեշտակների միջոցով պահի ու պահպանի Հայոց Հայրապետին, մեր եկեղեցին, մեր հոգևորականներին և նաև մեր հավատավոր զավակներին: Աստված ձեզ օրհնի, սիրելի հավատացյալներ, սիրելի եկեղեցասեր, ուխտին հավատարիմ զավակներ: Իսկ Աստծո անեծքը, նզովքը բոլոր նրանց գլխին, բոլոր նրանց սերունդներին, ովքեր որ դեմ դուրս կգան ճշմարտությանը և Աստծո օծյալին»,- հավելում է տեր հայրը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: