ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հանրապետականները կորցրել են վերահսկողությունը երկու պալատների նկատմամբ, Դոնալդ Թրամփի վարչակազմում կադրային փոփոխություններ են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է The Washington Sun-ը, որին վկայակոչում է Meduza-ն։
Պարբերականի տվյալներով՝ վարչակազմում առանցքային պաշտոններից մեկի համար դիտարկվում է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորի թեկնածությունը։ Մասնավորապես, նրան կարող են առաջարկել պետքարտուղարի պաշտոնը։ Ներկայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է լքել վարչակազմը՝ 2028 կամ 2032 թվականներին նախագահական ընտրությունների պայքարին նախապատրաստվելու նպատակով։
Աղբյուրների տեղեկություններով՝ Գորը հետաքրքրված է նաև Պետքարտուղարության համակարգում այլ բարձր պաշտոնով, օրինակ՝ պետքարտուղարի տեղակալի պաշտոնով, որն այժմ զբաղեցնում է Քրիստոֆեր Լանդաուն։ The Washington Sun-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Լանդաուն գործընկերներին ասել է, որ հանրապետականների միջանկյալ ընտրություններում պարտության դեպքում հրաժարական կտա։ Ինքը՝ Լանդաուն, պարբերականին հայտնել է, որ նման հայտարարություն չի արել։
Իր հերթին, Գորը ևս հերքել է, թե հավակնում է պետքարտուղարի կամ Պետքարտուղարության ղեկավարության որևէ այլ պաշտոնի։ «Սա կատարյալ անհեթեթություն է»,- հայտարարել է նա ու նշել, որ Ռուբիոն գերազանց է կատարում իր պարտականությունները՝ նրան անվանելով «պատմության մեծագույն պետքարտուղար» և «թանկագին ընկեր», որի հետ ինքը՝ որպես Հնդկաստանում ԱՄՆ դեսպան, «ամեն օր հաճույքով աշխատում է»։
Գորը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ նախագահի վարչակազմի կադրային կառավարման գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը նա ստանձնել է 2026 թվականի հունվարին։ Ինչպես պարզել են Times of Malta-ն և OCCRP-ն, Գորը ծնվել է Ուզբեկական ԽՍՀ-ի մայրաքաղաք Տաշքենդում և ծննդյան պահին կրել է Սերգեյ Գորոխովսկի անունը։ Սակայն ինքը՝ Գորը, երբեք չի հիշատակել այդ հանգամանքը՝ իր մանկության մասին խոսելիս պատմելով միայն Մալթայում անցկացրած տարիների մասին։
Լրագրողների տվյալներով՝ դեռևս Թրամփի վարչակազմում աշխատելուց առաջ Գորը երկու անգամ այցելել է Ռուսաստան։
2017 թվականին նա Վաշինգտոնից մեկնել է Մոսկվա, Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացրել մեկ օր, ապա հաջորդ օրը մեկնել Հռոմ։
2018 թվականին Գորը, որն այդ ժամանակ աշխատում էր հանրապետական սենատոր Ռենդ Փոլի հետ, այցելել է Մոսկվա՝ մասնակցելու ամերիկյան ազատական վերլուծական կենտրոն՝ Կատոնի ինստիտուտի ֆինանսավորմամբ կազմակերպված միջոցառմանը։ 2025 թվականին պաշտոնյայի փաստաբանը նրա՝ Ռուսաստան կատարած այցերը բացատրել էր նրանով, որ Գորը «մոլի ճանապարհորդ է»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի