Yerkir.am-ը ՀՀ պետական պահպանության ծառայությունից գրավոր խնդրել էր տեղեկություններ տրամադրել առ այն, թե որքա՞ն են կազմել վարչապետի պետական պահպանության ծախսերը (թիկնազորը և անվտանգության միջոցառումների համար այլ հարակից ծախսերը) 2018-2025 թթ․՝ ըստ տարիների։
ՊՊԾ-ն գրավոր պատասխանով մերժել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե այն պետական գաղտնիքների շարքում է։
Փաստենք, որ միջազգային պրակտիկայում բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար հատկացվող ընդհանուր բյուջետային ծախսերի հրապարակումը սովորական ընթացակարգ է և չի դիտարկվում որպես պետական գաղտնիք:
Օրինակ, Թուրքիայի Նախագահական պահպանության դեպարտամենտի ծախսերը հրապարակվում են պաշտոնական ֆինանսական հաշվետվություններում։ Մամուլը պարբերաբար հանրայնացնում է, թե որքան գումար է ծախսվում նախագահ Էրդողանի և նրա նստավայրերի անվտանգության վրա։
ԱՄՆ նախագահի, նրա ընտանիքի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների պաշտպանության համար հատկացվող ընդհանուր գումարները ևս հանրային են, քննարկվում են Կոնգրեսում և տեղադրվում պաշտոնական կայքերում։ Եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլն) ղեկավարների անվտանգության ապահովման ընդհանուր տարեկան ծախսերը ներառվում են պետական բյուջեի համապատասխան բաժիններում կամ տրամադրվում են տեղեկատվության ազատության մասին օրենքների հարցումներով։
Եվ իսկապես, եթե մենք չենք պահանջել ներկայացնել թիկնազորի կոնկրետ հաստիքակազմի կառուցվածքը և անձնակազմի տվյալները, օգտագործվող զենքերի, տեխնիկական և կապի միջոցների կոնկրետ մոդելներն ու մարտավարական տվյալները, տեղաշարժի, երթուղիների, օպերատիվ հետախուզության կամ հատուկ միջոցառումների պլանավորման մանրամասները, կարճ ասած՝ չենք ասել՝ մեզ հայտնեք, թե Փաշինյանի այս կամ այն այցի ժամանակ քանի՞ դիպուկահար են մասնակցում կամ որը որ շենքի տանիքին է բազմում, ապա ի՞նչ պետական գաղտնիքի մասին է խոսքը։
Պատահական չէ, որ տեղեկատվության ազատության և լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ ընդհանրական թվերի գաղտնիացումը հիմնավորված չէ, քանի որ հանրությունը, որպես հարկատու, ունի լեգիտիմ իրավունք իմանալու, թե որքան միջոց է ծախսվում բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության վրա՝ առանց վնասելու նրանց ֆիզիկական անվտանգությանը։
Իսկ Փաշինյանի դեպքում անզեն աչքով իսկ ակնհայտ է, որ պահպանության վրա ծախսվում են աստղաբաշխական թվեր, ինչն էլ խորքի մեջ գլխավոր պատճառն է, որ այն դասվի պետական գաղտնիքների շարքին։