«Ես շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ այսօր դատարանում լսեցի, որովհետև մինչև հիմա մեր ներկայացրած դիրքորոշումները և փաստարկները մեզ բերել էին այն տրամաբանական եզրահանգման, որ միակ որոշումը, որ պետք է կայացվեր, արդարացման վերդիկտը պետք է լիներ»,- լրատվամիջոցներին ասաց ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը իր նկատմամբ դատարանի կայացրած վճռի մասին։
«Բայց մենք ունենք հակառակ պատկերը, ինչը ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական հետապնդումների ընդհանուր համատեքստում, ինչը մինչ այժմ կիրառվել է տարբեր քաղաքական գործիչների, զինվորականների, հոգևորականների նկատմամբ։
Ես ամբողջությամբ համաձայն եմ պարոն Մելիքյանի դիտարկումների հետ, որ մենք համաձայնություն չունենք այս որոշման հետ։ Անպայման բողոքարկելու ենք և պայքարելու ենք մինչև վերջ։ Ես հեշտ հանձնվող չեմ։ Կարծում եմ, որ իմ պատգամավորական մի քանի օրվա գործունեությունը կարող է վերջին պահին ազդած լինի այս որոշման վրա, որովհետև այն տրամադրությունները, որ ես զգում եմ ԱԺ-ում, հատկապես իմ նկատմամբ իշխանական խմբակցության կողմից, կարծում եմ, որ նրանք որոշել են օգտագործել այս առիթը՝ ինձ այս ձևով լռեցնելու համար, քանի որ ԱԺ-ում դա իրենց գործնականում չի հաջողվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ