Չինական ավտոհսկա BYD-ն հուլիսին գրանցել է վաճառքների ռեկորդային ցուցանիշներ, սակայն այդ տպավորիչ թվերի հետևում թաքնված են մի շարք խնդիրներ, որոնցով ընկերությունը մտնում է երկրորդ կիսամյակ:
Անցած ամսվա ընթացքում BYD-ն վաճառել է շուրջ 420 հազար ավտոմեքենա, ինչը 22%-ով ավելի է, քան 2025 թվականի հուլիսին։ Ընկերությունում այս արդյունքը համարում են նոր մեկնարկային կետ և հույս ունեն, որ տարվա երկրորդ կեսի հաջողությունը կփոխհատուցի առաջին վեց ամիսների համեմատաբար թույլ արդյունքները, հայտնում է Bloomberg-ը։
Սակայն թվերը դեռևս ընկերության օգտին չեն խոսում։ Տարեկան 5-5.5 միլիոն ավտոմեքենա վաճառելու ծրագրի նույնիսկ նվազագույն շեմին հասնելու համար BYD-ն պետք է ամսական մոտ 530 հազար մեքենա մատակարարի դիլերներին։ Ներկայումս այդ տեմպը չի պահպանվում․ հունվար-հունիս ամիսներին ընկերությունը վաճառել է ընդամենը 1.81 միլիոն տրանսպորտային միջոց։
Տարվա առաջին կեսը բարդ է եղել արտադրության համար։ Ընկերությունը ստիպված է եղել ժամանակավորապես կանգնեցնել արտադրական գծերը՝ դրանք նոր սերնդի մարտկոցների արտադրության համար վերազինելու նպատակով։
Այս ֆոնին զգալիորեն փոխվել է վաճառքների կառուցվածքը․ արտահանման մասնաբաժինը հասել է ընդհանուր վաճառքների 43%-ին։ Չինական արտադրողն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունը Հարավային Ամերիկայի և Եվրոպայի շուկաներում։
Միևնույն ժամանակ, Չինաստանի ներքին շուկան ցուցաբերում է լճացման նշաններ, ինչը պայմանավորված է ինչպես տնտեսական դանդաղմամբ, այնպես էլ մրցակցության ուժեղացմամբ։
Միջազգային ընդլայնումն ուղեկցվում է նաև մոդելային շարքի ընդլայնմամբ։ Ընկերությունը ներկայացրել է DM-i հինգերորդ սերնդի հարթակի վրա կառուցված աջակողմյան ղեկով հիբրիդային Seal 6 մոդելները, եվրոպական շուկայի համար թարմացված էլեկտրական Seal-ը, ինչպես նաև Raccoon կոմպակտ էլեկտրամեքենան՝ ճապոնական «kei-car» դասի համար։
Սակայն համաշխարհային առաջխաղացումը լուրջ խոչընդոտի է հանդիպել Հունգարիայում։
Սեգեդ քաղաքում BYD-ի գործարանի կառուցումը վերածվել է սկանդալի։ Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել ենթակապալառուների կողմից աշխատանքային օրենսդրության հնարավոր խախտումների մասին։
Միաժամանակ, Բուդապեշտի նոր կառավարությունը սկսել է վերանայել նախագծի համար նախկինում հաստատված պետական սուբսիդիաների, հարկային արտոնությունների և բնապահպանական թույլտվությունների օրինականությունը։
Այս քննություններն անմիջականորեն ազդել են արտադրության մեկնարկի ժամկետների վրա։ BYD-ի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ Հունգարիայի գործարանում ավտոմեքենաների հավաքման մեկնարկը տեղափոխվում է 2026 թվականի չորրորդ եռամսյակ։
Այսպիսով, նախագծի գործարկումը հետաձգվում է մոտ մեկ տարով՝ նախնական ծրագրերի համեմատ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։