Մոսկվան հետևում է Երևանի՝ խաղադրույքները բարձրացնելու և շանտաժի անցնելու փորձերին. ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մոսկվան հետևում է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում խաղադրույքները բարձրացնելու և շանտաժի անցնելու փորձերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում կառուցողական երկխոսության փոխարեն, մենք նկատում ենք խաղադրույքների բարձրացման փորձեր կամ պարզապես անցում շանտաժի։ Այդ նույն ժանրից են նաև ռուսամետ գործիչների հալածանքները, արբիտրաժային վարույթների սպառնալիքները հանրապետությունում խոշոր հարկատու հանդիսացող ռուսական ձեռնարկությունների նկատմամբ և Մոսկվայիn մեկ միլիարդ դոլար վճարելու պահանջը այն օբյեկտների համար, որոնցից ներկայիս իշխանություններն իրենց գործունեության սկզբում ցանկանում էին հրաժարվել», – նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Ֆադեևը կոչ է արել Երևանին ուսումնասիրել իրավապայմանագրային բազան, որտեղ նշված է, թե ով ում և ինչքան պարտավորություն ունի:

Նրա խոսքով՝ Երևանը հրաժարվում է Մոսկվայի հետ բացառիկ հարաբերություններից՝ փոխարենն առաջարկելով արևմտյան երկրների հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրեր: Մինչդեռ, դիվանագետի խոսքով, գրավիչ արտահայտություններ պարունակող այդ փաստաթղթերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն և գործնականում ոչնչի չեն հանգեցնում` ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի զանգվածի:

«Նշված գիծը և Կիևի հետ Հայաստանի իշխանությունների ցուցադրական սիրախաղը կասկածներ են առաջացնում Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության պատրաստակամության մասով։ Եթե Երևանում ձգտում են հասնել իրենց շահերը հաշվի առնելուն, ապա ինչո՞ւ Մոսկվան չպետք է նման մոտեցում ունենա հայ գործընկերների հետ հարաբերություններում»,- հայտարարել է Ֆադեևը։

Ռուսաստանցի դիվանագետի տեսանկյունից Հայաստանը ՌԴ-ի հետ կապերի հեռանկարներն ընկալում է որպես «միակողմանի շարժով ճանապարհ»: Ռուսաստանը, նրա խոսքով, ակնկալում է ավելի իրատեսական և հավասարակշռված մոտեցում:

Leave a comment