Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը դատապարտում է Գարեգին Երկրորդին դատելու գործընթացը

Բաժանորդագրվել

Նախաձեռնությունը Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ծավալվող գործընթացը գնահատում է որպես հարձակում Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդին դատարանի առաջ կանգնեցնելու գործընթացը։

«Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրյալի կարգավիճակով։ Ընդ որում` վեհափառին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար»,–ասված է հայտարարության մեջ։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն այդ գործընթացը գնահատում է որպես հարձակում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, կոչ է անում ժողովրդին հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ և դատարանի առջև իրենց ներկայությամբ զորակցություն հայտնել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։

Նշենք, որ դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 16:00-ին, Վաղարշապատ քաղաքում, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15 հասցեով։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Leave a comment