«Այսօր քննարկում ենք մի հարց, որը մեր հանրության կողմից ոչ միանշանակ է ընկալվում։ Մեր հայրենակիցներից շատերը գտնում են, որ ընդդիմադիր խմբակցություններն արդյո՞ք այս ժամանակահատվածում պետք է ունենան մասնակցություն ԱԺ ձևավորման գործընթացում։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը», -հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հանդես գալով որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու։
Նա ընդգծեց՝ երբևէ ցանկություն չի ունեցել լինել ԱԺ-ում։
«Իմ երազանքը չի եղել լինել ԱԺ պատգամավոր կամ ԱԺ փոխնախագահ։ Եթե նայում ենք սուբյեկտիվ ցանկության տեսանկյունից, ապա ես չեմ ունեցել ցանկություն լինելու ԱԺ իններորդ գումարման անդամ, ավելին՝ մեր խմբակցության իմ բոլոր գործընկերները նման ցանկություն չեն ունեցել»,- ասել է Վարդևանյանը
Վարդևանյանը խոսել է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը դժվարության մասին նշելով՝ ՀՀ-ում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ չէ և մի քանի կանխատեսելի գործիքակազմ է ենթադրում։
«Մենք գտնում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները պետք է իրացվեն առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու։ Ես վստահ եմ, որ երբ այս բառակապակցությունն ասում եմ, չնայած քաղաքական տիտանական հակադիր մոտեցումներին, համաձայնություն կա։ ՀՀ ժողովրդի հավաքական կամքը ուժեղ Հայաստան ունենալու մեջ է»,-հայտարարեց նա։
Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արամ Վարդևանյանը նշեց․ «Երբ մենք տեսնում ենք, որ Հայոց Հայրապետի նկատմամբ, մեղմ ասած, վիրավորական արտահայտություններ են հնչում, և մեր Մայր Աթոռը վերածվում է քաղաքական քննարկման առարկայի, և դա արվում է մեկ ուժի՝ ՔՊ-ի կողմից»։
Նա անդրադարձավ նաև իրավական գործընթացներին՝ ընդգծելով մարդասիրության կարևորությունը։
«Իրավունքում ամենակարևոր գիծը՝ մարդասիրությունն է։ Ես համոզված եմ, որ վերջին ութ տարիներին մենք սրընթաց գնում ենք մարդասիրության ճգնաժամի։ Մենք լրջագույն խնդիրներ ունենք այս ոլորտում»,-ասաց նա։
«Հիմա, երբ օրինակ՝ Ռուբեն Մխիթարյանը ինչի համար պետք է անցկացներ Արթիկ ՔԿՀ-ում, երբ կար տնային կալանք, երբ կար վարչական հսկողություն, երբ կար գրավը որպես խափանման միջոց»,- նշեց Վարդևանյանը։