ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հրապարակված՝ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները»։
Հայցի ներկայացման համար հիմք է դարձել օրեր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ղազարյանի տված հարցազրույցներից մեկը, որի ընթացքում նա ասել է. «Ադրբեջանական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, էնտեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ», գրում է Factor.am-ը:
Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակային հերքում տարածել հետևյալ բովանդակությամբ. «2026 թվականի սեպտեմբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում, ես՝ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանս, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «Ադրբեջանական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացում եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։
Հայցի համաձայն՝ ընդդիմադիր պատգամավորը հերքումը պետք է տարածի «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի միջոցով՝ ուղիղ եթերում տեսաձայնագրմամբ ընթերցելով վճռում նշված ամբողջական տեքստը՝ «Հերքում՝ 27.09.2026թ. հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրով։
Փաշինյանը նաև պահանջել է, որ հրապարակվող հերքման մեջ չներառվի Էդգար Ղազարյանի կամ որևէ երրորդ անձի լրացուցիչ մեկնաբանություն, և այն սահմանափակվի միայն նախատեսված հերքման տեքստով։
Հերքում հրապարակելու պահանջից բացի՝ վարչապետը պահանջել է Ղազարյանից իր օգտին բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում։
Քաղաքացիական դատարան հայցը ներկայացվել է հոկտեմբերի 1-ին և մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։