Մոսկվայում դեռ չեն հաշտվել այն իրողության հետ, որ Հայաստանը 2013 թվականի Հայաստանը չէ
Կրեմլում, ըստ ամենայնի, դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե հնարավոր է Երևանից կանչել, պահանջներ ներկայացնել, ճնշում գործադրել և ակնկալել, որ Հայաստանի իշխանությունը պարզապես կկատարի Մոսկվայի թելադրանքը։
2013 թվականի սեպտեմբերի 3-ը հենց այդ մտածողության ամենավառ օրինակներից մեկն էր։ Սերժ Սարգսյանը՝ Պուտինի կանչով մեկնել էր Մոսկվա, և այդ այցի գիշերը Հայաստանը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքական ուղեգիծը՝ հրաժարվելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և հայտարարելով Մաքսային միությանը միանալու որոշման մասին։
Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունն ընդունում էր Ռուսաստանի թելադրած խաղի բոլոր կանոնները։ Բայց այսօր իրավիճակը փոխվել է։
Փոխվել է ոչ միայն իշխանությունը։ Փոխվել է հասարակությունը, փոխվել է Հայաստանի քաղաքական մտածողությունը, փոխվել է պետության նկատմամբ քաղաքացիների պատկերացումը։
Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որի համար արտաքին քաղաքականությունը պետք է որոշվի Մոսկվայում։
Եվ հենց այստեղ է Մոսկվայի գլխավոր սխալը։
Եթե Կրեմլը կարծում է, որ տնտեսական ճնշումը, շանտաժի լեզուն, քաղաքական հայտարարությունները կամ տարբեր տեսակի սպառնալիքները կարող են բերել 2013 թվականի սցենարի կրկնությանը, ապա նրանք պարզապես սխալ են գնահատում Հայաստանի այսօրվա իրականությունը։
Վերջին շրջանում ռուսական կողմի տարբեր հայտարարություններն ու գործողությունները ցույց են տալիս, որ Մոսկվան փորձում է Երևանի վրա ազդեցություն պահպանել։ Հայաստանի ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումներն ու քաղաքական կոշտ հայտարարությունները դրա վառ ապացույցն են։
Բայց կա մի կարևոր տարբերություն։
2013-ին Հայաստանը արտաքին քաղաքական որոշումները մեծապես ընդունում էր անվտանգության կախվածության պայմաններում։ Այսօր Հայաստանը փորձում է իր անվտանգությունը կառուցել ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ բազմավեկտոր հարաբերությունների և սեփական պետական կարողությունների վրա։
Սա Մոսկվայի համար կարող է անհարմար լինել, բայց դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է։
Եվ այստեղ պետք է նաև մեկ բան շատ հստակ արձանագրել։
Հայաստանը պարտավոր չէ Ռուսաստանի հետ թշնամանալ։ Հայաստանը պարտավոր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական կամ այլ հարաբերություններից։ Բայց Հայաստանը նաև պարտավոր չէ Ռուսաստանի պատվերով արտաքին քաղաքականություն վարել։
Հարաբերությունները կարող են լինել գործընկերային միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ ընդունում են միմյանց ինքնիշխանությունը։
Հայաստանը Ռուսաստանի դաշնային սուբյեկտը չէ։ Երևանը Մոսկվայի մարզը չէ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի ենթական չէ։ Հայաստանի ժողովուրդը՝ որևէ մեկի աշխարհաքաղաքական նախագծի գործիքը չէ։
2013 թվականի սեպտեմբերի 3-ի դասը հենց սա է, երբ պետությունը թույլ է տալիս, որ իր ռազմավարական որոշումները կայացվեն արտաքին ճնշման պայմաններում, վաղ թե ուշ դրա գինը վճարում է ամբողջ հասարակությունը։
Այսօր Հայաստանը գնում է այլ ճանապարհով։ Ոչ թե «Ռուսաստանի դեմ», ոչ թե «Արևմուտքի օգտին», այլ Հայաստանի օգտին։
Եթե Մոսկվան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ պահպանել, պետք է ընդունի նոր իրականությունը։ Հայաստանի հետ այլևս հնարավոր չէ խոսել «ավագի և կրտսերի» հարաբերությունների լեզվով։ Պետք է խոսել գործընկերոջ լեզվով։ Պետք է հաշվի նստել Հայաստանի ինքնիշխան որոշումների հետ։ Պետք է հասկանալ, որ հայ ժողովուրդն այլևս չի պատրաստվում պարել Կրեմլի պատվերով։ 2026 թվականի Հայաստանը այլ երկիր է։
Եվ եթե Մոսկվան կրկին փորձում է կազմակերպել «երկրորդ սեպտեմբերի 3-ը», ապա պետք է իմանա՝ Երևանում այլևս այն նույն Հայաստանին չի հանդիպելու։
Հայաստանը կարող է ունենալ տարբեր գործընկերներ, տարբեր տնտեսական կապեր և տարբեր անվտանգության մեխանիզմներ։ Բայց մեկ բան պետք է անփոփոխ լինի՝ Հայաստանի որոշումները պետք է ընդունվեն Երևանում։ Եվ սա արդեն ոչ թե իշխանության, այլ պետության արժանապատվության հարց է։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։