Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Հայաստանի հետ միջուկային էներգետիկ համագործակցության վերաբերյալ հայտարարությունը լայն քննարկումների պատճառ է դարձել։
Հարցը վերաբերում է շրջանառվող այն պնդմանը, թե Վենսը Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրումներ է խոստացել։ Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահը նման հայտարարություն չի արել, և այդ ձևակերպումները համաժամանակյա թարգմանության սխալի հետևանք են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը հանդես եկան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
Ինչ է ասել Վենսն իրականում
Համատեղ հայտարարությունների ընթացքում ԱՄՆ փոխնախագահը խոսել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր տնտեսական ծավալների մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-նն ու Հայաստանը ավարտել են միջուկային էներգետիկայի ոլորտում բանակցությունները։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում դա ճանապարհ է հարթելու ամերիկյան և հայկական ընկերությունների միջև քաղաքացիական միջուկային նախագծերի շրջանակում գործարքներ կնքելու համար։
«Ի՞նչ է սա նշանակում․ մինչև 5 մրդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 մրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Անգլերեն՝ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts.»։
Vice President JD Vance Delivers Remarks with Prime Minister Nikol Pashinyan of Armenia
«Արտահանում» բառը համաժամանակյա թարգմանիչը թարգմանել է որպես «ներդրում»։ Արդյունքում հայկական մի շարք լրատվամիջոցներ Վենսի խոսքերը տարածել են սխալ թարգմանությամբ՝ նշելով 5 մլրդ դոլարի ներդրման, իսկ որոշ դեպքերում անգամ գումարել են նշված թվերը՝ պնդելով, թե ԱՄՆ-ը Հայաստանի էներգետիկ անվտանգության ուղղությամբ նախատեսում է 9 մլրդ դոլարի ներդրում անել։
Ավելի ուշ Ջեյ Դի Վենսը օգտագործում է «ներդրում» բառը՝ խոսելով փոքր մոդուլային ռեակտորների մասին՝ նշելով, որ ամերիկյան տեխնոլոգիան պատրաստվում է մուտք գործել Հայաստան։
«Սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք մեզ բավական վստահ ենք զգում այս մակարդակով ներդրումներ կատարելու և այսպիսի տեխնոլոգիա ուղարկելու համար»,- ասում է Վենսը։
Անլերեն՝ «It means small modular reactors. American technology is going to be coming to this country, and again, it’s one of the few countries where we feel confident enough to invest at this level to send this kind of technology.»։
Այսպիսով, շփոթն առաջացել է Վենսի ելույթի հայերեն համաժամանակյա թարգմանության հետևանքով․ անգլերենում օգտագործված «արտահանում» եզրը ներկայացվել է որպես «ներդրում», ինչի արդյունքում շրջանառվել է 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին տեղեկություն։
The post «Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ appeared first on CIVILNET.