ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ

Հայտարարություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։

ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում:

ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։

Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։

Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական։

 

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

 

Օգոստոսի 5, 2026 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment