ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն է պնդում

«Ես վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով այս խնդիրները լուծելու տարածքը։ Այսինքն՝ մենք չենք սպառել բոլոր հնարավորություններն ու գործիքները։ Ի վերջո, սա միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին չէ։ Ինչպես վարչապետն արդեն նշել է, սա առհասարակ նրա մասին է՝ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա, և գործարկո՞ւմ է իր բոլոր մեխանիզմները, թե՞ ոչ։ Այս պարագայում մենք վստահ ենք, որ դիվանագիտական ճանապարհով, երկխոսության միջոցով հնարավոր է լուծել խնդիրը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն օր օրի ավելացնելու մասին հարցին։

Նա միաժամանակ հիշեցնում է՝ դիվերսիֆիկացիան ՀՀ-ի համար եղել է և կա կարևոր օրակարգ. «ՀՀ կառավարությունը շարունակում է զարգացնել գործիքակազմն այս մասով։ Բացի նրանից, որ հայացքն ուղղել ենք դեպի ԵՄ (և դա բավականին երկար ժամանակ է, ինչ անում ենք՝ օգտվելով կառավարության տարբեր ծրագրերից), մենք նաև փնտրում ենք այլ շուկաներ։ Այս մասով թույլ տվեք ասել, որ հաջողել ենք, որովհետև լսում ենք այնպիսի ուղղությունների մասին, որոնք ընդհանրապես ավանդական արտահանման ուղղություններ չեն Հայաստանի համար։ Վստահ եմ, որ զուգահեռաբար թե՛ խոսելով ԵԱՏՄ գործընկերների հետ, թե՛ միաժամանակ դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը, մենք կկարողանանք սպասարկել քաղաքացիների ակնկալիքները»։

Ճշտող հարցին՝ երբ ասում եք, որ ձեր կարծիքով, չի սպառվել դիվանագիտական ճանապարհով լուծումներ գտնելու ուղին, կարծում եք՝ կստացվի՞ երկխոսությամբ հասնել նրան, որ հանվեն սահմանափակումները, որոնք, ըստ էության, ընկալվում են որպես քաղաքական ճնշման գործիք Ռուսաստանի կողմից, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ՌԴ-ն, համարելով ՀՀ-ին կարևոր գործընկեր, կշարունակի խոսակցությունն այս մասով և կկարողանա հանգուցալուծել այն ենթադրյալ խնդիրները, որոնք մենք, բնականաբար, չենք տեսնում։ Առհասարակ, ես կարող եմ ապավինել մեր տարբեր ինստիտուտների գնահատականներին և ասել, որ այդ խնդիրները չկան։ Այսինքն՝ այստեղ մնում է միայն, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը և տարբեր գերատեսչություններն իրենց հնարավորությունների շրջանակում կարողանան հանգուցալուծել այն խնդիրը, որի առաջ այս պահին գյուղացին կանգնած է»։

«Հանրաքվեի առարկան գոյություն չունի․ ենք ԵԱՏՄ անդամ ենք և անելու ենք մեր հնարավորությունների սահմանում ամեն ինչ, որպեսզի կառույցը գործի»,- ասաց Սոնա Ղազարյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահի ներկայացրած պահանջին՝ ԵԱՏՄ-ում անդամությունը շարունակել-չշարունակելու մասով Հայաստանում հանրաքվե անցկացնելու մասին։

«Զուգահեռաբար ուզում եմ հիշեցնել, որ արտահանման դիվերսիֆիկացիան, որի շուրջ արդեն բավականին երկար տարիներ աշխատանք ենք տանում, տալիս է իր ծիլերը։ Առաջարկում եմ մեր քաղաքացիներին նկատել, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԵՄ շուկա մեծ պատմական իրադարձություն է հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն սովորաբար փակ է պահում իր շուկան գյուղատնտեսական ապրանքների համար, և այս աջակցությունը ԵՄ-ի կողմից իսկապես բարձր գնահատականի է արժանի։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր ենք սկսել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել, որովհետև ԵՄ-ն միշտ փակ է պահել իր շուկան։ Անգամ Թուրքիան, որ Մաքսային միության անդամ է, միշտ չէ, որ հնարավորություն է ունեցել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել դեպի ԵՄ։ Սա մի ուղղություն է, որի շուրջ պետք է ավելի շատ աշխատանք կատարենք»,- ասաց իշխանական պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը՝ Սամվել Կարապետյանը, խոսելով Ռուսաստանի կողմից սահմանափակումների մասին, ասել էր, որ դրանից օգուտ է քաղում իշխող ուժը, քանի որ «ինչքան աղքատ լինեն բնակիչները, այնքան հեշտ կլինի նրանց կառավարելը», և նշել էր, որ եթե ինքը լիներ վարչապետ, արագ այդ հարցերը կլուծեր, Սոնա Ղազարյանն արձագանքեց․ «Ես ավելորդ եմ համարում հիշեցնել, որ աղքատության տոկոսը նվազել է մեր կառավարման ընթացքում։ Մենք այն իշխանությունն ենք, որ մի քանի անգամ բարձրացրել է թոշակները, նպաստները, աշխատավարձերը։ Այս պահին ունենք առողջապահության համընդհանուր ապահովագրություն, որն էապես փոխել է մեր տարեցների ու թոշակառուների կյանքը։ Վստահաբար, մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հայրենակիցները ստանան բարձր թոշակ ու նպաստ, աշխատեն և հաղթահարեն աղքատությունը։ Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment